Ինչ է ներառելու հաջորդ պատժամիջոցների փաթեթը Ռուսասատանի դեմ` ԵՄ-ի կողմից

Եվրամիության կողմից հաջորդ պատժամիջոցների փաթեթը կարող է ներառել ռուսական նավթի արտահանման ավելի խիստ սահմանափակումներ: Ավելին, քննարկվում է անձնական և առևտրային արգելքների ընդլայնման հնարավորությունը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

«Եվրամիության անդամ պետությունները ձգտում են մի քանի շաբաթվա ընթացքում հասնել քաղաքական համաձայնության, որը կսահմանափակի ռուսական նավթի գները: Այս միջոցառումները, հավանաբար, կազդեն Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի վրա», — նշվում է հաղորդագրության մեջ։

Հակառուսական պատժամիջոցները ընդլայնելու ճնշումը մեծացավ այն բանից հետո, երբ Ռուսաստանը հայտարարեց մասնակի զորահավաքի մասին՝ ի պատասխան Ուկրաինայում սրվող հակամարտության: Նոր նավթային սահմանափակումները կամրապնդեն ԵՄ-ի և ԱՄՆ-ի դիրքորոշումները այս հարցում և նաև կհարվածեն Մոսկվայի ապրանքային եկամուտներին: Այնուամենայնիվ, նոր պատժամիջոցների փաթեթի շուրջ դեռևս փոխզիջում չի ձեռք բերվել, պնդում է գործակալությունը։

«Չնայած Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ գործադիր մարմնի և որոշ անդամ պետությունների կողմից նորացված ջանքերին, ծրագիրը բախվում է բազմաթիվ խոչընդոտների, և դրական արդյունքը դեռևս երաշխավորված չէ», — նշվում է հոդվածում։

Կիսվել սոց․ ցանցերում