Թռչող օբյեկտների չբացահայտված հանելուկը 2025 թվականին. որոնումները շարունակվում են՝ չնայած պատասխանների բացակայությանը

2025 թվականին չբացահայտված անոմալ երևույթների (ՉԱԵ) կամ UAP-ների թեման շարունակում է մնալ գիտության և տեխնիկայի աշխարհի ամենաինտրիգային հարցերից մեկը։ Լրատվամիջոցների բազմամյա սենսացիոն վերնագրերից հետո դեռ շարունակվում են ստացվել տեղեկություններ անհայտ ծագման, անորոշ նպատակների և արտասովոր կարողությունների տեր տարօրինակ օդային օբյեկտների մասին։ Այս օբյեկտները, ըստ տեղեկությունների, թռչում են ԱՄՆ ազգային օդային տարածքի զգայուն հատվածների վրայով և նույնիսկ խաթարում կոմերցիոն ավիափոխադրումները։ Չնայած Կոնգրեսում տրված ինսայդերական վկայություններին՝ այս հանելուկի լուծման գործընթացը կանգ է առել։ Ինչո՞ւ է դա տեղի ունենում։ ՉԱԵ-ն ուսումնասիրող փորձագետները դեռևս չեն կարողացել ամբողջությամբ քանդել այս կծիկը, սակայն համակարծիք են հետագա անելիքների հարցում՝ հասկանալու համար, թե ինչ են իրենցից ներկայացնում այդ երևույթները և որտեղից են դրանք հայտնվում։

Մոտեցումների բազմազանություն. դասական ՉԹՕ-ներից մինչև գիտական մեթոդներ

Ինչպես փոխանցում է Space.com—ը, Լոս Անջելեսի ՉԱԵ-ների ուսումնասիրության միության հիմնադիր և նախագահ Մայքլ Չիֆոնեն կարծում է, որ այս երևույթի հետազոտությունը շահում է բազմաթիվ մտքերի ներգրավվածությունից և կարգապահ բանավեճերից։ Այսօր նկատվում է հստակ բաժանում ՉԹՕ-ների դասական դեպքերի (հենց այդ «թռչող ափսեների») և ՉԱԵ-ների՝ որպես դիտողական ու փորձարարական գիտության օբյեկտի ուսումնասիրության միջև։ Սակայն գիտական մեթոդների և գործիքների կիրառումը բավականին բարդ ու թանկ հաճույք է։

«Հնարավոր է՝ ուշացումը կապված է ժամանակ, էներգիա և գումար ծախսելու ցանկության բացակայության հետ այնտեղ, որը ոմանց թվում է «ուրվականների հետևից ընկնել»,— նշել է Չիֆոնեն։

Նա հավելել է, որ ինչպես ցանկացած այլ գիտական բնագավառում, այստեղ ևս պահանջվում է ֆինանսավորում և ինստիտուտների աջակցություն։ Այս թեմայի հետ կապված պատմական նախապաշարմունքները երկար ժամանակ խոչընդոտել են դրան, բայց այժմ շեշտադրումը հին, «սառեցված» գործերի քննությունից տեղափոխվել է դեպի լուրջ գիտնականների և ուսանող-հետազոտողների ներգրավում։ Արդյունքում անհրաժեշտ է ներդնել գիտական մեթոդաբանություն՝ ստեղծելու դիտողական համակարգ (observational framework) համապատասխան գործիքակազմով, որպեսզի հնարավոր լինի տվյալներ գեներացնել և դրանց հիման վրա ավելի հավաստի եզրակացություններ անել։

Գիտական նախաձեռնություններ. տեսախցիկներից մինչև սենսորային համակարգեր

Օրինակ՝ Հյուսիսային Բավարիայի Վյուրցբուրգի համալսարանում ստեղծվել է Արտերկրային հետազոտությունների միջգիտակարգային կենտրոն (IFEX): Այնտեղ մշակում են «AllSkyCAM» համակարգը, որն ի վիճակի է ֆիքսել ՉԱԵ-ները։ Ներկայումս կառուցվում է հաշվետվությունների ավտոմատացված համակարգ, իսկ համալսարանը համագործակցում է Գերմանիայի քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության հետ՝ երկրի օդային տարածքում անսովոր երևույթներն ուսումնասիրելու համար։

Մեկ այլ օրինակ է Հարվարդի համալսարանի աստղաֆիզիկոս Ավի Լոեբի գլխավորած «Գալիլեո» նախագիծը։ Նրանք ստեղծել են սենսորների համակարգ՝ երկինքը սկանավորելու և այնպիսի անոմալիաներ հայտնաբերելու համար, որոնք կարող են չունենալ երկրային ծագում։

Հիպոթեզների ստուգում. մարտահրավերներ և ծախսեր

ՉԱԵ-ների ուսումնասիրության գիտական կոալիցիայի (SCU) գործադիր խորհրդի անդամ Ռոբերտ Փաուելն ընդգծում է այն հիպոթեզի գիտական ստուգման անհրաժեշտությունը, թե որոշ ՉԱԵ-ներ կարող են լինել արտերկրային սարքեր։ «Ես կարծում եմ, որ էքստրեմալ արագացումը լավագույն բնութագիրն է, որը կարող է բացառել ՉԱԵ-ների երկրային բացատրությունը»,— ասել է Փաուելը։ Սակայն նման արագացումները չափելու համար անհրաժեշտ են բարձր ճշգրտության գիտական սարքավորումներ։

Նրա գնահատմամբ՝ ԱՄՆ-ի ողջ տարածքում 930 ավտոմատացված տեսախցիկների համակարգ տեղադրելու դեպքում, տարվա ընթացքում 50 ֆուտ և ավելի չափսեր ունեցող ՉԱԵ-ի հայտնաբերման հավանականությունը կկազմի 95%։ Սակայն նման ցանցի ստեղծումն ու սպասարկումը կարող է արժենալ տասնյակից մինչև հարյուրավոր միլիոն դոլարներ, ինչի համար այսօր ֆինանսական միջոցներ չկան։

Ազգային և ավիացիոն անվտանգություն

Ռայան Գրեյվսը՝ Ամերիկյան աերոնավտիկայի և աստղագնացության ինստիտուտի (AIAA) ՉԱԵ-ների ինտեգրման կոմիտեի նախագահը, ընդգծում է խնդրի լրջությունը։ «Բարձր վստահություն վայելող մարդիկ և պրոֆեսիոնալ դիտորդները տեսնում են օբյեկտներ, որոնք ցուցադրում են ժամանակակից տեխնիկայի հնարավորություններից դուրս կարողություններ»,— նշել է նա։

Գրեյվսը խոսում է ականատեսի դիրքերից. որպես ԱՄՆ ռազմածովային ուժերի նախկին լեյտենանտ և F/A-18F-ի օդաչու, նա առաջիններից էր, ով հրապարակավ պատմեց ՉԱԵ-ների հետ իր հանդիպումների մասին։ Նրա խոսքով՝ այս օբյեկտները գործում են ինքնիշխան օդային տարածքում՝ հնարավոր է հավաքելով հետախուզական տվյալներ։ Պարզ ասած՝ ՉԱԵ-ների գործողությունները կարող են դիտարկվել որպես «պատերազմական ակտեր կամ առնվազն նախապատրաստություն հարձակմանը»։

Այժմ իրականացվում են նաև օրենսդրական քայլեր։ 2024 թվականին ներկայացված «Ամերիկացիների համար անվտանգ օդային տարածքի մասին օրենքը» նպատակ ունի աջակցել օդաչուների կողմից ՉԱԵ-ների մասին զեկույցների ներկայացմանը՝ առանց հասարակական պարսավանքի կամ պատժամիջոցների վախի։

Կարճ ասած

2025 թվականին ՉԱԵ-ների հանելուկը մնում է չլուծված՝ չնայած բազմաթիվ վկայություններին։ Փորձագետները շեշտում են գիտական մեթոդների, ֆինանսավորման և պետական աջակցության կարևորությունը։ Թեև առաջընթացը դանդաղ է ծախսատարության պատճառով, ազգային անվտանգության և գիտական հետաքրքրության համադրումը հույս է ներշնչում, որ մենք երբեք այնքան մոտ չենք եղել այս թեմայի վերջնական բացահայտմանը, որքան հիմա։

Կիսվել սոց․ ցանցերում