The New York Times-ը Հայաստանը ներառել է զբոսաշրջային ուղղությունների ամենամյա ցանկում

Հեղինակավոր The New York Times պարբերականը հրապարակել է 2026 թվականի համար աշխարհի առավել գրավիչ և առաջարկվող 52 զբոսաշրջային ուղղությունների իր ամենամյա ցանկը, որտեղ Հայաստանը զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը:

Հայաստանը ներկայացվել է «Գայլեր, գինի և հազարամյա վանքեր» խորագրի ներքո՝ ընդգծելով Հայաստանի վայրի բնության, հնագույն մշակույթի և արդիականացող զբոսաշրջային ենթակառուցվածքների ներդաշնակ համադրությունը։

Հոդվածում նշվում է, որ չնայած Հայաստանը տասնամյակներ շարունակ եղել է արշավախմբերի և բնության սիրահարների սիրելի վայրը, վերջին շրջանում զբոսաշրջային հոսքերը հասել են աննախադեպ ցուցանիշների։ 2025 թվականի առաջին ութ ամիսները ռեկորդային են եղել երկրի համար, իսկ օգոստոսին գրանցվել է զբոսաշրջիկների այցելությունների պատմական առավելագույն ցուցանիշը։ Այս աճի ֆոնին 2026 թվականը խոստանում է լինել էլ ավելի նշանակալի, հատկապես գինու սիրահարների համար։

Հատուկ շեշտադրում է կատարվել հայկական գինեգործության ավելի քան 6000-ամյա պատմության վրա՝ ճանապարհորդներին հրավիրելով այցելել երկրի չորս հիմնական գինեգործական տարածաշրջաններ։  Գալիք տարվա մայիսին մայրաքաղաք Երևանը հյուրընկալելու է աշխարհի ամենահեղինակավոր գինու մրցույթներից մեկը՝ «Concours Mondial de Bruxelles»-ը, ինչը լրացուցիչ խթան է հանդիսանում Հայաստանը որպես գինեգործության հնագույն օրրան ճանաչելու համար։

Բացի գաստրոնոմիական փորձառությունից, զբոսաշրջիկներին առաջարկվում է բացահայտել Սևանա լիճը՝ հրաբխային ծագման այդ զմրուխտյա գանձը, որի ափերին վեր են խոյանում դարավոր վանքեր։ Բնության սիրահարների համար առանձնացվել է Դիլիջան ազգային պարկը՝ իր ալպյան մարգագետիններով, խիտ անտառներով և բուժիչ աղբյուրներով, որոնք միացված են արշավային արահետների լայնածավալ ցանցով։ Պարբերականը նկատում է, որ այս տարածքները ոչ միայն հարուստ են հազվագյուտ բուսատեսակներով, այլև հանդիսանում են գորշ արջերի, գայլերի և եվրոպական վայրի կատուների բնակավայր։

Կիսվել սոց․ ցանցերում