Արման Ծառուկյանն անդրադարձել է Մախաչևից վախենալու մասին խոսակցություններին

UFC-ի թեթեւ քաշային կարգում դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը հերքել է տեղեկությունները, թե ինքը վախեցել է ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի դեմ մենամարտին դուրս գալուց։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Ծառուկյանը Մախաչեւի դեմ ռեւանշ-մենամարտից վերջին պահին հրաժարվել է ողնաշարի գոտկային հատվածի ճողվածքի պատճառով։

«Ինչպե՞ս կարող էի վախենալ Իսլամից, եթե առաջին անգամ նրա դեմ մենամարտել եմ 22 տարեկանում։ Այդ ժամանակ Մախաչեւն արդեն 6 կամ 7 մենամարտ ուներ UFC-ում։ Ինձ այդ մենամարտի առաջարկը արվել է մրցաշարից 2-3 շաբաթ առաջ, և ես համաձայնել եմ»,- ասել է Ծառուկյանը։

Նրա խոսքով՝ անհնար է խոսել վախի մասին նաև այն պատճառով, որ ինքը վեց տարի շարունակ պատրաստվել է այդ ռեւանշին։

«Անկախ արդյունքից, ես կցուցադրեի լավ մենամարտ, կվաստակեի գումար և կմեծացնեի իմ ճանաչելիությունը»,- Ծառուկյանի խոսքը մեջբերում է Sportskeeda-ն։

Նշվում է, որ MMA-ում Արման Ծառուկյանը անցկացրել է 26 մենամարտ, որոնցից 23-ում հաղթանակ է տարել։

Կիսվել սոց․ ցանցերում