Մի շաբաթ է արդեն՝ այս ամենի մասին խոսում ենք, բայց չգիտես ինչու՝ պետք է Սամվել Բաբայանն ասեր, որ մարդիկ իմանային. Զոլյան

«Զարմանում եմ, որ Սամվել Բաբայանի հարցազրույցն այսպիսի աղմուկ առաջացրեց։ Մարդկանց մի մասը շոկի մեջ է, մի մասն էլ չի հավատում։ Այո, որոշ դետալներ բացահայտեց, որ հայտնի չէին, որոշ բաներին էլ մի քիչ դժվար է հավատալ (օրինակ, որ Ադրբեջանը պատրաստ էր «ինքնավար ռեսպուբլիկայի» կարգավիճակին)։ Բայց մեծ հաշվով նոր բան չասեց»։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Միքայել Զոլյանը՝ շարունակելով.

«Ի՞նչ է, մենք չգիտեի՞նք, որ Արցախի քաղաքական էլիտան ենթարկվում է Մոսկվային։

Չգիտեի՞նք, որ Արայիկ Հարությունյանի հեռացումը ռուսների հեղաշրջում էր, որն անհնար էր առանց ռուսների դաբրոյի։

Չգիտեի՞նք, որ Արցախի քաղաքական էլիտան հույսը դրել էր Ռուսաստանի վրա և չէր ուզում տեսնել իրական վիճակը և շարունակում էր խոսել անկախության մասին։

Չգիտեի՞նք, որ Արցախի քաղաքական էլիտան, հավանաբար ռուսների ճնշման տակ, մի քանի անգամ հրաժարվեց Ադրբեջանի հետ բանակցություններից։

Չգիտեի՞նք, որ այդ ամենը Ալիևի համար հնարավորություն ստեղծեց ռազմական օպերացիա ձեռնարկելու։

Չգիտեինք, որ ռուսները ոչինչ չուզեցան կամ չկարողացան անել այդ նոր ագրեսիան կանգնեցնելու համար։

Չգիտեի՞նք, որ հեղաշրջման արդյունքում եկած նոր իշխանությունը մի քանի օրվա ընթացքում կատարեց այնպիսի զիջումներ, որոնց կեսի կեսը մինչև վերջերս համարվում էր «կարմիր գիծ» և «դավաճանություն»։

Մի շաբաթ է արդեն՝ այս ամեն ինչի մասին խոսում ենք, բայց չգիտես՝ ինչու պետք է Սամվել Բաբայանն ասեր, որ մարդիկ իմանային։

Հ.Գ. Շեշտում եմ, որ ասածս վերաբերում է Արցախի քաղաքական էլիտային, այլ ոչ թե արցախցիներին ընդհանրապես։ Արցախցիներն այս իրավիճակում զոհ են, և նրանց մեղադրելը կլիներ վիքթիմ-բլեյմինգ։ Խոսքը կոնկրետ մարդկանց մասին է, ովքեր գրավել էին իշխանությունը Արցախում և հիմա էլ նույն բանը փորձում են անել ՀՀ-ում։ Չփորձե՛ք խոսքերս նենգափոխել և ասել, թե ես իբր արցախցիներին եմ մեղադրում»։

Կիսվել սոց․ ցանցերում