Մարդիկ, արեւմտյան այսօրվա քաղաքական էլիտաները որեւէ կապ չունեն այն Արեւմուտքի հետ, որ ձեւավորվել է որպես քաղաքական եւ ինչն առավել էական է՝ քաղաքակրթական համաշխարհային առաջատար բեվեռ․Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է․

Մարդիկ, արեւմտյան այսօրվա քաղաքական էլիտաները որեւէ կապ չունեն այն Արեւմուտքի հետ, որ ձեւավորվել է որպես քաղաքական եւ ինչն առավել էական է՝ քաղաքակրթական համաշխարհային առաջատար բեվեռ: Ավելին, այդ Արեւմուտքն այլեւս չկա, մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով:
Այդ «չգոյության» առաջին ուժեղ ազդակը 2008 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամն էր, որից գործնականում սկսեց նաեւ համաշխարհային իրավա-քաղաքական կարգի փլուզման ակտիվ փուլը:
Որովհետեւ, արեւմտյան համակարգը պահելու միակ տարբերակ այդ էլիտաներն ընտրեցին ոչ թե հարաբերությունների, առավել եւս մուլտիկուլտուրիզմի մեծ ազդեցության տակ հայտնվող հարաբերությունների կառավարումը, այլ արտաքին թշնամի, արտաքին վտանգ հռչակելու եւ համակարգերը լոկ դրա սպառնալիքով կառավարելու մոտեցումը:
Դա փոխշահավետ դեր էր նաեւ հիմնական մրցակից՝ Ռուսաստանի եւ Չինաստանի էլիտաների համար: Նրանք, հատպաես Ռուսաստանը, որի «ավանդական» տարերքն է դա, ու նաեւ իրեն բնորոշ խորիմաստ ժպիտով փիլիսոփայությամբ Չինաստանը ստանձնեցին այդ «դերը», ընդունեցին նոր «մեծ խաղի» այդ տրամաբանությունը:
Ներկայումս ընթացող համաշխարհային պատերազմը ըստ էության այդ իրողության արյունոտ «եզրափակիչն» է:
Սա նշանակու՞մ է, որ չկան արժեքններ, գաղափարախոսություններ: Իհարկե ոչ: Դրանք կան, չեն կարող չլինել: Բայց, անխոս է նաեւ, որ ճգնաժամը ներառել է նաեւ այդ դաշտը:
Բայց, հենց դրա բերումով, արժեքների, գաղափարախոսությունների հարցը դառնում է յուրաքանչյուր հանրույթի գլխավորապես ներքին հարց: Այն հանրությունները, որոնք չեն գտնում այդ հարցերը՝ սեփական կյանքի կազմակերպման արժեհամակարգային խորքային խնդիրները իրենց ներքին տիրույթում դնելու եւ լուծելու, միմյանց հետ խոսելու, լսելու, պայմանավորվելու կարողություն, լուծումներ փնտրելով այս կամ այն արտաքին տիրույթում, նրանք հայտնվում են ճակատամարտի դաշտում հայտնված շվարած մեկի վիճակում, որը չունի այդ ճակատամարտի մասշտաբներին համարժեք թե փորձառություն, թե ռեսուրս, թե պատրաստվածություն, եւ որ կողմն էլ անցնի, ամենահավանական հետեւանքը մնալու է ոտնատակ գնալը, եթե իհարկե չաշխատի զուտ բախտի գործոնը:
Ինքս համարում եմ, որ Հայաստանի ուղենիշը պետք է լինի այն քաղաքակրթական մոդելը, որը եղել է արեւմտյան աշխարհի ձեւավորման հիմքում: Բայց, դա որեւէ կերպ չի նշանակում, թե ես պետք է այդ մոդելի հետ նույնացնեմ ընդամենը իրենց տնտեսական եւ քաղաքական շահերը հետապնդող, եւ ըստ էության լոկ իրենց «նախկինների» ձեւավորած համակարգի պտուղները սպառող արեւմտյան էլիտաների հետ:
Հայաստանի քաղաքակրթական արդիականացումը պետք է լինի գերազանցապես Հայաստանի ներքին օրակարգ, իսկ արտաքին օրակարգ պետք է լինի գերազանցապես անվտանգության խնդիրների ձեւակերպումը: Միայն այդ դեպքում է, որ արդիականացման օրակարգը արտաքին դաշտում կունենա ազդեցիկ դեր:
Եվ սա է, որ մեզ թույլ չի տալիս ոչ ոք, թե Ռուսաստան, թե Արեւմուտք, մեկն իրեն բնորոշ կացնային, մյուսը՝ փափուկ ուժի տեխնոլոգիաների կիրառումով: Թույլ չեն տալիս, որովհետեւ որեւէ մեկին պետք չէ իրապես սուբյեկտ Հայաստան, պետք է Հայաստանը, որը կլինի հենց իրենց գերակայության տակ:
Սա մենք հաճախ պարզունակացնում ենք «բոլորը նույն բանն են» ձեւակերպմամբ, իբր այդպես ասելով, մենք նպաստում ենք ռուսների ազդեցության պահպանմանը:
Սա պարզունակություն է, թող ներվի ասել: Մենք ռուսների եւ որեւէ այլ ազդեցության նպաստում ենք միայն մեր ներքին անորակությամբ, միայն նրանով, որ մենք մեր ներքին խնդիրներին առնչվող մեծ ու փոքր օրակարգերը թե մեր մտածողության ու հոգեբանության, թե մեր գործողությունների տեսքով առկախել ենք արտաքինից, ու դա էլ դեռ հերիք չէ, դարձրել ենք այդ իրողությունը ներսում իրար վրա նետվող ծխանր քարերից մեկը:
Այդ իրավիճակը իհարկե շատերին է պատճառում հոգեկան բավարարություն, շատերին պատճառում է նաեւ ֆինանսական բավարարություն:
Ես կարծում եմ, որ Հայաստանի անվտանգության ու սուբյեկտության հեռանկարը պահանջում է նախ դուրս գալ այդ իրավիճակից, այդ ըստ էության «կոմֆորտ» զոնայից, արդիականացման օրակարգը պարփակել գերազանցապես ներքին համակեցության խնդրի շրջանակում, եւ միայն այդ միջոցով սկսել փոխել արտաքին միջավայրը:
Կիսվել սոց․ ցանցերում