Այդ դիտորդ կոչվածները, որ ուշացումով գնալու են՝ ի՞նչ են անելու․ պետք է ամրագրվի ԼՂ հայերի վերադարձի իրավունքը․ Ստյոպա Սաֆարյան

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը Araratnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով  ԼՂ-ում միջազգային առաքելություն տեղակայելու ԱՄՆ հայտարարություններին՝ նշեց, որ, իր կարծիքով, դա առաջին հերթին կարիքների գնահատման խումբ կլինի, որը պիտի  հասկանա, թե ինչ է կատարվել․

«Հայկական կողմի անելիքը այս առումով այն է, որպեսզի ամրագրի իրենց տները լքած մարդկանց վերադարձի իրավունքը։ Ես հասկանում եմ, որ սա այս պահին ոչինչ չի կարող տալ, որովհետև ըստ էության տասնյակ հազարավոր մարդիկ արդեն իսկ հարկադրված բռնել են գաղթի ճանապարհը, բայց բոլոր դեպքերում Արցախի իրենց տները լքած  հայերի վերադարձի իրավունքը միանշանակ ստորադաս չէ ադրբեջանցիների վերադարձի իրավունքին, որի մասին 30 տարի տարփողում էին։ Բայց մենք չգիտենք Ստեփանակերտը նույնպես տեղահանվում է, թե՞ ոչ, չգիտենք ռուս այսպես կոչված՝ խաղաղապահների ճակատագիրը, որը մեծագույն հարցականի տակ է, եթե իհարկե իրենք չեն պայմանավորվել Ադրբեջանի հետ, որ հեռանալու են», — ասաց Սաֆարյանը, նշելով, որ այդ տպավորությունն է ունեցել, երբ իշխանության տարբեր ներկայացուցիչների հետ քննարկումներում պնդել է, որ խաղաղապահները կարող են հեռանալ եւ դրա պատասխանատվությունը թողնել Հայաստանի վրա։

«Հիմա եթե Ստեփանակերտը մինչև 15 կիլոմետրանոց շերտով մինչև Իվանյան անգամ մնա՝ այդտեղ խնդիր կա, թե ինչպես է այդտեղ ապրող հայության իրավունքները և անվտանգությունը ապահովվում, ինչ է լինում խաղաղապահների ճակատագիրը․ սրանք բավականին բարդ հարցեր են և  այս հարցերի պատասխանը պիտի տան այն մարդիկ, որոնք գոնե  խորքային տեղեկությունների են տիրապետում։ ՀՀ իշխանության ներկայացուցիչներն իրենք լավ կիմանան, որովհետև Բլինքենը ոչ միայն Ալիևի հետ է խոսել, այլ նաև Նիկոլ Փաշինյանի, հիմա պետք է իմանալ ում ինչ է ԱՄՆ պետքարտուղարը առաջարկել․ ես տեսնում եմ Ադրբեջանին ինչ է առաջարկել», — ասաց Սաֆարյանը։

Դիտարկմանը, որ տպավորություն է, թե պարզապես  առաքելություն են ուղարկում՝ տեսնելու Լեռնային Ղարաբաղի հայաթափումը, Սաֆարյանն արձագանքեց․ «Եկեք տպավորություններով չխոսենք, այո՛, այս պահին տեսանելի է, որ աշխարհն այնուամենայնիվ կուլ է տվել այն, որ Ալիևը հալածում է հայերին, դա փաստ է և  այո՛, այդ դիտորդական առաքելությունը առավելագույնը կարող է ֆիքսել, թե ինչպես է դա տեղի ունեցել կամ շարունակվում։ Բայց քանի որ ես չգիտեմ Ստեփանակերտի հետ ինչ է լինելու մինչև Իվանյան՝ ռուսները մնալու են, թե ոչ՝ ես չեմ կարող ավելին ասել, թե այդ դիտորդներն ինչ են անելու։ Ցավալի բան եմ ասում, բայց կարող է արդեն իսկապես բոլորը համակերպվում են, որ հայերը պիտի այնտեղից դուրս գան»։

Սաֆարյանը կրկին շեշտեց՝ իշխանության ներկայացուցիչները պետք է իմանան, թե այդ դիտորդ կոչվածները, որ ուշացումով գնալու են՝ ի՞նչ են անելու․ «Հե՞տ են բերելու հայերին, ամրագրելու՞ են նրանց վերադարձի իրավունքը, այս խնդիրները կարևոր են, որ նրանք դնեն։ Ես հասկանում եմ այս պահին տասնյակ հազարներին հետ չես տանելու, բայց այդ իրավունքը պետք է ֆիքսվի։ Հիմա ի՞նչ զեկույց են պատրաստելու, ու՞մ համար, ո՞րն է լինելու առաջարկը», — հավելեց Սաֆարյանը եւ, անդրադառնալով Ադրբեջանի կողմից ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալմանը, դա որակեց մարդաորս։

«Ակնհայտորեն Բլինքենի հետ հեռախոսազրույցից հետո Ալիևը մարդ է ձերբակալում՝ չնայած համընդհանուր համաներման մասին խոստմանը։ Եվ այմանավորվածությունները կրկին չեն պահվում, բոլորին պարզ է, որ Վարդանյանը առաջինն ու վերջինը չէ, ինչպես Վագիֆ Խաչատրյանը, այնպես որ այս առումով իշխանություններն իրենք պիտի ավելի շատ հասկանան,  թե ինչ է խոսք տրվում, ինչ չի արվում եւ այդ մարդկանց ասեն՝ այսպես ո՞նց է լինելու․ անհամաչափ արձագանքելո՞վ Ալիևի բոլոր ոտնձգություններին։ Ամիսներ առաջ մի անգամ էլ էին [ԱՄՆ իշխանությունները] ողջունել համաներումը, ինչը սուր քննադատել էինք։ Ալիևը տեսնում է, որ բացի կոչերից ուրիշ բան չկա կամ լավագույն դեպքում քննադատություններ։ Հիմա մերոնք պետք է ասեն՝ կներեք, ո՞վ է այս ամբողջի երաշխավորը կամ անհամաչափ արձագանք ցույց մի՛ տվեք»,- խոսքը եզրափակեց նա։

Կիսվել սոց․ ցանցերում