Պատմաբան Լեոյին կարելի է անվերջ կարդալ, քանի որ նա փաստերի շարադրմամբ եւ կուռ տրամաբանությամբ վերլուծում է մեր ժողովրդին պատուհասած դժբախտությունները, քաղաքական կուսակցությունների ` առաջին հերթին` Դաշնակցության սնանկ ու իրատեսությունից զուրկ քաղաքականությունը:
Մեջբերենք նրա «Անցյալից » գրքից մի հատված եւս. «1916-ի գարնանը, Անտանտի պետությունների միջեւ մի նոր համաձայնություն կայացավ Թուրքիան բաժան-բաժան անելու մասին: Այդ համաձայնությամբ Ռուսաստանը ստանում էր ամբողջ Թուրքահայաստանը, իսկ Ֆրանսիան` Կիլիկիան: Կատարվում էր այն, ինչ նախատեսված էր վաղուց, ինչ պետք է լիներ անխուսափելիորեն, ոչ թե քմահաճույքով, ոչ թե որեւէ մեկին օգնելու, բարերարություն անելու համար, այլ ուժերի իրական փոխհարաբերությունների երկաթյա օրենքով: Միակ տարրը, որ ընդունակություն չունեցավ հասկանալ այս օրենքը, այս կոպիտ, ամենակալ անխուսափելիություն` հայերն էին: Էլ ինչի՞ համար էին նրանք պատերազմի եւ ապստամբության մեջ խոթվում: Էլ ինչի՞ համար կոտորվեց հայ ժողովուրդը: Դժբախտ ժողովուրդ, որի առաջնորդները կույր էին, որ մի հիմար պաշտամունք էին դարձրել փորը, կուրծքն ու մեջքը փամփուշտների շարաններով ծածկած եւ մաւոզերը բռնած կռվողներին, որոնց թիվը հատերով էր, տասնյակներով կամ շատ-շատ` հարյուրներով: Հայ դոնքիշոտները կարծում էին այդ ուժով աշխարհ նվաճել, բայց նվաճեցին միայն դժբախտություն եւ վերջնական կործանում: Թուրքերը հայերին կոտորում էին ` նրանցից ազատվելու համար:
Թշվառ, թշվառ ժողովուրդ…»
