Օրերս համացանցում տարածվել էր տեսանյութ, որում «Լադա» ավտոմեքենաների վարորդները մայրաքաղաքի Արգիշտիի փողոցում, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մասնակիցների նկատմամբ, կոպիտ կերպով խախտում են ճանապարհային երթևեկության ու համակեցության կանոնները։
Ինչպես հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը, Երևանի պարեկները մեքենաները հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։
«ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, դրսևորել զուսպ և իրավահարգ վարքագիծ։
Բոլոր իրավախախտները հայտնաբերվելու և ենթարկվելու են պատասխանատվության»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։
