Բլոգեր Ռոման Բաղդասարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակում է կատարել՝ անդրադառնալով համացանցում հայտնված այն տեղեկատվությանը, որ ընդդիմության առաջնորդները Ամենայն հայոց կաթողիկոսի հետ քննարկել են Հայաստանում իշխանափոխության հարցը։
Բաղդասարյանի հրապարակման համաձայն՝ կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է իշխանափոխության համար շարժման առաջնորդի հարցը, որը անցել է բավականին թեժ, քանի որ, ըստ Բաղդասարյանի հրապարկման, ընդդիմադիրներից շատերն են ուզում «հերոսանալ»՝ դառնալով առաջնորդ։
«Որոշում է կայացվել ԼՂ-ից Հայաստան տեղահանված արցախցիներին ակտիվ ներգրավել շարժման մեջ, օգտագործել փողոցները լցնելու համար։ Քննարկվել է նաև ռուսական կողմից ստացած ԼՂ-ից բռնի տեղահանված արցախցիների հեռախոսահամարների հարցը։ Որոշում են կայացրել SMS ծառայություններով ԼՂ-ից Հայաստան բռնի տեղահանված արցախցիներին ներգրավել իշխանափոխության շարժման մեջ՝ խաղալով արցախցիների հույզերի վրա»,- գրել է բլոգերը:
Հրապարակման մեջ նաև նշվում է, որ քննարկման ժամանակ հոգևոր առաջնորդի իր խոսքն է ասել Գարեգին Բ-ն։
«Վերջինս հայտարարել է, որ միայն փողոց դուրս գալով չեն կարող հասնել Փաշինյանի հրաժարականին, և պետք է արյամբ վերցնել իշխանությունը։ Ի դեպ, այս հարցի շուրջ եկեղեցին վաղուց ուներ իր դիրքորոշումը, ու պատահական չէր, որ օրեր առաջ նույն տեսակետը լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում հայտնել էր նաև Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյանը: Վերջինիս կարծիքով՝ ռազմական հեղաշրջում պետք է արվի։ Ակտիվ գործողությունների ու հեղաշրջում իրականացնելու համար որոշում են կայացրել օգտագործել Հայաստան տեղափոխված արցախցիներին։ Հնչել են տեսակետներ, որ ԼՂ-ից տեղահանված արցախցիները շատ ավելի տաքարյուն են, հիմա էլ տուն-տեղ, հայրենիք են կորցրել, հուզական վիճակում են, ու հենց նրանց է պետք օգտագործել, լցնել փողոցները, ապա դրդել ոստիկանության հետ բախումների»,- ասվում է Ռոման Բաղդասարյանի հրապարակման մեջ:
