Կալիֆոռնիայի որոշ քաղաքներում անվարորդ ավտոմեքենաները գնալով ավելի տարածված են դառնում, սակայն երբ ինքնավար տրանսպորտային միջոցները խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները, ոստիկանությունը մինչև այժմ չէր կարողանում դրանց տուգանել, հայտնում է BBC News-ը։
Ավտոտրանսպորտային միջոցների պետական վարչությունը (DMV) հայտարարել է ինքնավար տրանսպորտային միջոցների (AVS) վերաբերյալ նոր կանոնների մասին, այդ թվում՝ ոստիկանության կողմից «AV անհամապատասխանության ծանուցումն» անմիջապես ավտոմեքենայի արտադրողին տրամադրելու ընթացակարգը։
Նոր կանոնները, որոնք ուժի մեջ կմտնեն հուլիսի 1-ից, 2024 թվականի ավելի լայնածավալ օրենքի մաս են, որը նախատեսում է այս տեխնոլոգիայի ավելի խիստ կարգավորում։ Մի քանի հաղորդումներ են եղել այն մասին, որ մեքենաները խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները, այդ թվում՝ անցյալ տարի Սան Ֆրանցիսկոյում էլեկտրաէներգիայի անջատման ժամանակ։
Կալիֆոռնիայի տրանսպորտի վարչությունը նոր կանոններն անվանում է «երկրում ամենահամապարփակները»։ Նոր կանոնների համաձայն, ոստիկանությունը կարող է պատասխանատվության ենթարկել ավտոմեքենաների շահագործմամբ զբաղվող ընկերություններին, եթե դրանց տրանսպորտային միջոցները խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները։
Կանոնները նաև կպահանջեն, որ ընկերությունները 30 վայրկյանի ընթացքում պատասխանեն ոստիկանության և այլ արտակարգ ծառայությունների աշխատակիցների զանգերին, և տուգանքներ կսահմանեն, եթե նրանց տրանսպորտային միջոցները մուտք գործեն ակտիվ արտակարգ իրավիճակների գոտիներ։
Waymo-ն Սան Ֆրանցիսկոյի ծոցի շրջանում և Լոս Անջելեսի օկրուգում լիովին ինքնավար ռոբոտաքսիների հիմնական օպերատորներից մեկն է, սակայն մի շարք ընկերություններ, այդ թվում՝ Tesla-ն, նույնպես թույլտվություններ ունեն իրենց ավտոմեքենաները Կալիֆոռնիայի որոշ քաղաքներում փորձարկելու համար։
Երբ տրանսպորտային միջոցները խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները, որոշ ոստիկաններ փակուղու առաջ են կանգնում՝ չիմանալով, թե ինչպես պատասխանատվության ենթարկել վարորդ չունեցող մեքենաներին։ Անցյալ տարվա սեպտեմբերին տեղի ունեցած միջադեպի ժամանակ Սան Բրունոյի՝ Սան Ֆրանցիսկոյից հարավ գտնվող քաղաքի, ոստիկանները նկատել էին Waymo-ի ավտոմեքենան, որը հենց իրենց աչքի առաջ լուսացույցի մոտ անօրինական շրջադարձ էր կատարում, այդ ժամանակ հայտնել էր Սան Բրունոյի ոստիկանության վարչությունը։
Սակայն երբ ոստիկանները կանգնեցրել էին մեքենան, առանց վարորդի չէին կարող տուգանք գրել։ Փոխարենը նրանք կապվել էին ընկերության հետ՝ «խափանման» վերաբերյալ։
Դեկտեմբերին Սան Ֆրանցիսկոյում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատման հետևանքով Waymo-ի մի քանի մեքենաներ մնացել էին բանուկ խաչմերուկների մեջտեղում, ինչն ավելի էր վատթարացրել առանց այդ էլ ծանրաբեռնված երթևեկության իրավիճակը։
Սան Ֆրանցիսկոյի հրշեջ ծառայության ներկայացուցիչները նույնպես բազմիցս բողոքել են, որ ռոբոտաքսիները խանգարում են արտակարգ իրավիճակներին արձագանքելուն։
