Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն այսօր Ազգային ժողովի հերթական նիստում ներկայացրել է ««Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն այսօր Ազգային ժողովի հերթական նիստում ներկայացրել է ««Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծով առաջարկվում է իրականացնել համայնքների միավորման երեք ծրագիր՝ Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում:

Լոռու մարզում նախատեսվում է ձևավորել նոր՝ Ստեփանավան խոշորացված համայնք՝ միավորելով գործող Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքները՝ ընդհանուր 20 բնակավայրերով:

Սյունիքի մարզում առաջարկվում է ձևավորել նոր՝ Գորիս խոշորացված համայնք՝ միավորելով Գորիս, Տաթև և Տեղ խոշորացված համայնքները՝ 28 բնակավայրերով:

Վայոց ձորի մարզում նախատեսվում է ստեղծել նոր՝ Եղեգնաձոր խոշորացված համայնք՝ միավորելով Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս համայնքները՝ 32 բնակավայրերով:

Փոխնախարարի խոսքով՝ շրջանային մոդելով խոշորացումը ցույց է տվել իր արդյունավետությունը՝ ապահովելով համայնքների կառավարման բարելավում, ռեսուրսների արդյունավետ ներգրավում, ներդրումային ծրագրերի իրականացում եւ մասնագիտական ներուժի զարգացում:

Ներկայումս հանրապետությունում կա 70 համայնք, իսկ նախագծի ընդունման դեպքում դրանց թիվը կդառնա 64։

🖇️Հետևեք մեզ նաև Տելեգրամում
https://t.me/mtai_am

Կիսվել սոց․ ցանցերում