Արմեն Աշոտյանի մասնակցությամբ Բրյուսովի համալսարանի գույքի ապօրինի օտարման և փողերի լվացման գործով 7 անձի ձերբակալելու որոշում է կայացվել:
ՀՀ քննչական կոմիտեից մանրամասներ են հայտնել՝ հանրայնացնելով գործով անցնող անձանց անունները:
«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2009-2016 թվականներն ընկած ժամանակահատվածում ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնը զբաղեցրած Ա. Ա.-ն (Արմեն Աշոտյան), լիազորված լինելով, խթանել է կրթության և գիտության զարգացումը, մշակել և իրականացրել կրթության և գիտության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, 2008 թվականի օգոստոսի 20-ից մինչև 2014 թվականի ապրիլի 26-ը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի, ապա մինչև 2016 թվականի սեպտեմբերի 20-ը ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնները զբաղեցրած Գ. Խ.-ի (Գագիկ Խաչատրյան) և վերջինիս որդու՝ Ա. Խ.-ի (Արտյոմ Խաչատրյան) նյութական օգուտը նրանց կողմից շահեկան պայմաններով, առանց խոչընդոտների, օտարման ոչ ենթակա գույք ձեռք բերելն ապահովելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, խմբի կազմում ՀՀ «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահ Վ. Ս.-ի (Վիգեն Սարգսյան), նույն ՊՈԱԿ-ի ռեկտոր Գ. Գ.-ի (Գայանե Գասպարյան), պրոռեկտոր Ա. Ա.-ի (Արթուր Այվազյան), Ա. Խ.-ի (Արտյոմ Խաչատրյան), Գ. Խ.-ի (Գագիկ Խաչատրյան), ինչպես նաև վերջիններիս հետ փոխկապակցված Հ. Թ.-ի (Հարություն Թադևոսյան) հանցակցությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչի հետևանքով Հայաստանի Հանրապետության սեփականության ֆոնդից կոռուպցիոն սխեմայի կիրառմամբ դուրս են բերվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Պուշկին փողոցի 38/1 շենքի թիվ 59 հասցեում գտնվող 208 մլն 908 հզր 500 ՀՀ դրամ արժեքով առանձնապես խոշոր չափերով 451.1 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքը և դրա անբաժանելի մաս համարվող հողամասը և ոչ ուսումնական նպատակներով օգտագործելու համար փոխանցվել են բարձրաստիճան պաշտոնատար անձի և վերջինիս հետ փոխկապակցված անձի սեփականության ֆոնդ:
Բացի դրանից՝ օրենքի դրույթի կոպիտ խախտմամբ բարձրագույն ուսումնական հաստատությունը զրկվել է իրեն հատկացված գույքից ուսումնական նպատակներով տնօրինելու և օգտագործելու հնարավորությունից:
Դրանից հետո Ա. Խ.-ն և Գ. Խ.-ն, իրենց մտերիմ Հ. Թ.-ի հետ ունեցած նախնական պայմանավորվածության համաձայն, հանցավոր ճանապարհով ՀՀ Երևան քաղաք Կենտրոն վարչական շրջանի Պուշկինի փողոց 38/1 շենք թիվ 59 հասցեում գտնվող 451.1 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքի ձեռքբերման գործընթացում քողարկելով գույքի իրական պատկանելիությունը, ինչպես նաև նպատակ ունենալով թաքցնել և խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը, նախ որպես գույք ձեռք բերող ներկայացրել են Հ. Թ.-ին, ապա բարեխիղճ ձեռք բերող հանդես գալու ակնկալիքով վերջինից 75 մլն ՀՀ դրամով գնել են նշված գույքը՝ գրանցելով այն Ա. Խ.-ի անվամբ:
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրա օժանդակության, խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և դրանց օժանդակության համար ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քրեական հետապնդում է հարուցվել վերը նշված 7 անձի նկատմամբ:
Որոշումներ են կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալներին դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ
