ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, որպես բանախոս, մասնակցել է ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի՝ «Թավիթյան կրթաթոշակային» ծրագրի շրջանավարտների առցանց համաժողովի շրջանակում անցկացված «ԹՐԻՓՓ-ը և Հարավային Կովկասի ապագան. դիվանագիտություն, զարգացում և տարածաշրջանային համագործակցություն» խորագրով պանելային քննարկմանը։
Քննարկման ընթացքում Վահան Կոստանյանը ներկայացրել է տարածաշրջանում հաստատված խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ Հայաստանի տեսլականը, անդրադարձել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, դրա կարևոր բաղադրիչ «ԹՐԻՓՓ» նախագծի կյանքի կոչման ուղղությամբ ընթացող աշխատանքներին և տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման համատեքստում դրա նշանակալի դերին։
Տեղի է ունեցել հարցուպատասխան «Թավիթյան կրթաթոշակային» ծրագրի շրջանավարտների մասնակցությամբ։
Պանելային քննարկումներին մասնակցել են Ֆլեթչերի դպրոցի դեկան Քելի Սիմս Գալագերը, Թավիթյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, «Թավիթյան կրթաթոշակային» ծրագրի ղեկավար Մոնիկա Թոֆթը, Ֆլեթչերի դպրոցի պրոֆեսոր Թամիրասե Ֆախուրին և պրոֆեսորադասախոսական կազմի այլ ներկայացուցիչներ:
