Մեռելпցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել

Ազգային ժողովը հուլիսի 3-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Նախագծի հեղինակը Գեղամ Նազարյանն է։

Ընդունված փոփոխություններով՝ Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերն այլևս ոչ աշխատանքային չեն լինի և կդառնան աշխատանքային օրեր։

Խոսքը վերաբերում է Սուրբ Ծննդյան, Սուրբ Հարության, Պայծառակերպության (Վարդավառ), Սուրբ Աստվածածնի վերափոխման (Խաղողօրհնեք) և Խաչվերացի տոներին հաջորդող մեռելոց օրերին։

Կառավարության ներկայացրած առաջարկի համաձայն՝ մեռելոց օրերը կպահպանվեն որպես հիշատակի օրեր՝ առանց ոչ աշխատանքային կարգավիճակի, ինչը, ըստ հիմնավորման, թույլ կտա պահպանել դրանց մշակութային նշանակությունը՝ միաժամանակ չկրճատելով տարեկան աշխատաժամանակը։

Փոփոխություններով հստակեցվել է նաև ՀՀ քաղաքացու օրվա նշման կարգը․ այն կնշվի ապրիլի վերջին շաբաթ օրը, իսկ եթե մայիսի 1-ը երկուշաբթի է, ապա՝ ապրիլի վերջին կիրակի օրը։

Բացի այդ՝ Հայ կինոյի օրը ապրիլի 16-ի փոխարեն կնշվի ապրիլի 13-ին, Երկրապահի օրը կվերանվանվի «Երկրապահ-աշխարհազորայինի օր», իսկ Հայրերի օրը հունիսի 17-ի փոխարեն կնշվի հունիսի երրորդ կիրակի օրը։

Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրերը տարանջատվել են․ հուլիսի 5-ը կմնա Սահմանադրության օր, իսկ օգոստոսի 23-ը կսահմանվի որպես Պետական խորհրդանիշների օր։

Օրենքով նաև նախատեսվում է, որ ազգային փոքրամասնությունների առաջարկով կառավարությունը կարող է սահմանել ոչ աշխատանքային օրեր՝ նրանց ազգային տոները նշելու նպատակով։

Տոնացույցում ներառվել են նաև Մեսրոպ Մաշտոցի օրը (փետրվարի 17) և Նավասարդը՝ որպես ազգային ավանդույթների, մշակույթի և համայն աշխարհի հայերի միասնության օր, որը կնշվի օգոստոսի 11-ին։

Բացի այդ, սահմանվել են Երևանի և մարզերի օրերը, որոնք կնշվեն սեպտեմբերի 5-ին հաջորդող առաջին շաբաթ օրվանից սկսած՝ յուրաքանչյուր շաբաթ օր՝ սահմանված հերթականությամբ։

Կիսվել սոց․ ցանցերում