ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատի մարզի Վեդի համայնք՝ ծանոթացել իրականացվող ծրագրերին, հանդիպել բնակիչների հետ:
Մարզային այցի շրջանակում երկրի ղեկավարը նախ այցելել է Վեդիի նորակառույց ջրամբար: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 90 մլն եվրո։ Պատասխանատուները նշել են, որ ջրամբարի ընդհանուր ծավալը 29 մլն մ3 է։ Ծրագրի իրականացման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 բնակավայրերի շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը, մեխանիկական ոռոգումից անցում կկատարվի ինքնահոս ոռոգման, արդյունքում՝ տարեկան կտնտեսվի շուրջ 19․0 մլն. կվտ/ժամ էլեկտրաէներգիա։
Միաժամանակ, ոռոգման ցանցի կորուստները կկրճատվեն 20-25%-ով, փորձնական տարածքներում ներտնտեսային ոռոգման ցանցի կառուցման շնորհիվ հնարավոր կլինի նոր տեխնոլոգիաների (կաթիլային ոռոգում) կիրառումը։ Ծրագիրն իրականացվել է Կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության ֆինանսավորմամբ:
