Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 08։00-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 102 կմ հատվածում բախվել են «Mercedes» մակնիշի և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, ապա բախվել ապառաժ քարերին։

«Opel Astra»-ի վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

Կիսվել սոց․ ցանցերում