59 երկրների իրավապահներ մարդկանց առևտրով զբաղվող հազարից ավելի անձի են ձերբակալել

Մարդկանց միջազգային թրաֆիքինգի ցանցերի դեմ ուղղված լայնածավալ գործողության շրջանակում 59 երկրների իրավապահներ ամբողջ աշխարհում ձերբակալել են ավելի քան 1000 մարդու։ Ձերբակալությունները տեղի են ունեցել հինգ օրվա ընթացքում Աֆրիկայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Եվրոպայում և Ասիայում։ Այս մասին ասվում է Ինտերպոլի մամուլի հաղորդագրության մեջ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ «Գլոբալ շղթա» (Global Chain) կոդային անվանումով գործողությունը կազմակերպվել է Ռումինիայի և Ավստրիայի իշխանությունների կողմից՝ Ինտերպոլի, Եվրոպոլի, Ամերիպոլի և Եվրոպական սահմանային գործակալության՝ Frontex-ի համակարգմամբ։ Ինտերպոլի տվյալներով՝ հայտնաբերվել է ավելի քան երկու հազար զոհ, այդ թվում՝ մարմնավաճառության, մուրացկանության և նույնիսկ հանցավոր գործունեության հարկադրված անձինք։ Տուժածների մեծ մասն Արգենտինայի, Կոլումբիայի, Վենեսուելայի, Մոլդովայի և Նեպալի քաղաքացիներ են։ Նրանց տասը տոկոսն անչափահասներ են։ Հանցագործները թիրախավորել են խոցելի խմբերի։ Խաբեության կամ հարկադրանքի միջոցով նրանք մարդկանց ուղարկել են այլ երկրներ և նույնիսկ այլ մայրցամաքներ, ասվում է Ինտերպոլի հաղորդագրությունում։ Մասնավորապես, Բրազիլիայում վերացվել է միջազգային հանցավոր ցանց, որը մարդկանց ուղարկել է Կամբոջա, որտեղ նրանց ստիպել են աշխատել առցանց խարդախության կենտրոններում: Բելգիայում ձերբակալվել է 17 մարդ, որոնք կասկածվում են անչափահասներին առցանց հավաքագրելու, ապա Բելգիայում և Ֆրանսիայում մարմնավաճառության հարկադրելու մեջ: Ինտերպոլը հայտարարել է, որ մարդկանց թրաֆիքինգը մնում է աշխարհում կազմակերպված հանցավորության ամենաշահութաբեր և տարածված ձևերից մեկը։ «Մեր արձագանքը պետք է լինի նույնքան գլոբալ, համակարգված և անզիջում»,- նշել է կազմակերպությունը: Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/1038597.html?fbclid=IwcGRvZgFmZGlkFlCh19T5do7WrVtMKQkF4gyGwbE9H1xleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZAo2NjI4NTY4Mzc5AAEekSiqTxFgrUdpppSioEaUJrBBFJBq1ql9DzU1XprMOxIFtPOpdSluZwfiC40_aem_eZf97n2zqqCe2CO2kK1H1g

© factor.am

Կիսվել սոց․ ցանցերում