Մասնագետներն ալերգիան համարում են 21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»: ԱՆ ալերգոլոգիայի գծով խորհրդատու Արմինե Հակոբյանը ներկայացրել է ալերգիայի հիմնական դրսևորումները։
Ստուգե՛ք ինքներդ Ձեզ, եթե հետևյալ ախտանիշները կրկնվում են կամ առաջանում են որոշակի իրավիճակներում, հնարավոր է՝ դրանց պատճառը ալերգիան է.
- հաճախակի փռշտոց, հատկապես առավոտյան,
- քթարտադրություն կամ խցանում առանց մրսածության,
- աչքերի քոր, կարմրություն կամ արցունքահոսություն,
- երկարատև չոր հազ,
- շնչահեղձության կամ սուլոցների նոպաներ,
- կրկնվող մաշկային ցան կամ քոր,
- շրթունքների, կոպերի կամ դեմքի այտուց։
Եթե այս նշանները պարբերաբար կրկնվում են, անհրաժեշտ է դիմել բժշկի։
5 միֆ, որը հերքվել է գիտությամբ ու փորձով.
միֆ 1. Ալերգիան լոկ անհարմարություն է պատճառում։
փաստ. Որոշ ալերգիկ հիվանդություններ, օրինակ՝ բրոնխիալ ասթման կամ ծանր ալերգիկ ռեակցիաները, կարող են կյանքին սպառնացող լինել։
միֆ 2. Ալերգիան սկսում է միայն մանուկ հասակից։
փաստ. Այն կարող է սկսվել կյանքի ցանկացած շրջանում։
միֆ 3. Եթե ախտանիշներն անցան, բուժում այլևս պետք չէ։
փաստ. Ալերգիկ հիվանդությունները հաճախ ունեն ալիքաձև ընթացք և պահանջում են ճիշտ հսկողություն։
միֆ 4. Ալերգիայի բոլոր դեղերը քնկոտություն են առաջացնում։
փաստ. Ժամանակակից հակահիստամինային դեղամիջոցների մեծ մասը չի առաջացնում արտահայտված քնկոտություն։
միֆ 5. Ալերգիայի դեպքում պետք է պարզապես խուսափել ալերգենից։
փաստ. Շատ դեպքերում միայն խուսափելը բավարար չէ։ Ճիշտ ախտորոշումն ու բուժումը կարող են կանխել հիվանդության առաջընթացը և զգալիորեն բարելավել կյանքի որակը։
Ե՞րբ է անհրաժեշտ անհապաղ դիմել շտապ բժշկական օգնության
Եթե ալերգիկ ռեակցիայի ընթացքում առաջանում են դժվարացած շնչառություն, կոկորդի կամ լեզվի այտուց, խոսելու կամ կուլ տալու դժվարություն, գլխապտույտ կամ գիտակցության կորուստ, անհրաժեշտ է անմիջապես զանգահարել շտապ բժշկական օգնություն։ Այս վիճակը կարող է լինել անաֆիլաքսիա և պահանջում է անհապաղ բուժում։
«Ժամանակակից բժշկությունն ունի արդյունավետ ախտորոշման և բուժման հնարավորություններ, որոնց շնորհիվ մարդկանց մեծ մասը կարող է ապրել լիարժեք և ակտիվ կյանքով։
