Վրաստանում երկրորդ օրն անընդմեջ էլեկտրաէներգիայի մասշտաբային անջատումներ են տեղի ունենում, հայտնում է Bm.ge-ն։ Լրատվամիջոցների տվյալներով՝ երկրի որոշ շրջաններում էլեկտրամատակարարումն անջատվել է առավոտյան ժամը 8:10-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով՝ 7:10-ին):
Պետական էլեկտրաէներգետիկ համակարգն արձանագրել է, որ երկրում էլեկտրաէներգիայի սպառման ծավալները 1,4 հազար ՄՎտ/ժ-ից նվազել են մինչև 360 ՄՎտ/ժ, հաղորդում է Bm.ge-ն։ ՏԱՍՍ-ի տվյալներով՝ լույս չկա Թբիլիսիում, Օզուրգեթիում, Փոթիում, Ռուսթավիում։ Մայրաքաղաքի փողոցներում չեն աշխատում լապտերները, լուսացույցները, որոշ շրջաններում անջատումների պատճառով դադարեցվել է ջրամատակարարումը։ Ամբողջ երկրում կանգնել են գնացքները, մայրաքաղաքում չի աշխատում մետրոն, գրում է «Sputnik Грузия»-ն։ Անջատումների պատճառների մասին պաշտոնական հայտարարություն չի եղել։
Նախորդ օրը՝ հուլիսի 24-ի գիշերը, էլեկտրացանցերում տեղի ունեցած վթարի պատճառով էլեկտրաէներգիան անջատվել էր Վրաստանում և Աբխազիայում։ Աբխազիայի էներգետիկայի նախարարության տվյալներով՝ պատճառը եղել է Վրաստանի վարչական սահմանին գտնվող Ինգուրի ՀԷԿ-ում տեղի ունեցած վթարը։
