Բացահայտվել է մեքենայից գողությունը․ կան ձերբակալվածներ

Հուլիսի 21-ի առավոտյան ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնեց, որ գիշերը Մազմանյան փողոցի իրենց շենքի բակում կայանված ավտոմեքենայից գողացել են կողային հայելիների ապակիներն ու թողել տելեգրամյան հասցեի հղում։
Ահազանգով դեպքի վայր մեկնեց Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը։ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում համայնքային ոստիկանները պարզեցին, որ գողությունը կատարել են մայրաքաղաքի Մանանդյան փողոցի 24-ամյա և Կարմիր Բլուրի 64-ամյա բնակիչները։

Ըստ ոստիկանների տեղեկության՝ երիտասարդը կատարել էր բուն գործողությունները, իսկ տղամարդը հսկել էր տարածքը՝ հարկ եղած դեպքում նրան զգուշացնելու համար։

Հուլիսի 29-ին երկուսն էլ ձերբակալվեցին ու ներկայացվեցին նախաքննական մարմին։

Դատարանի որոշմամբ երիտասարդը կալանավորվել է, իսկ  տղամարդու նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն։

Նախաքննությունը շարունակվում է։

Կիսվել սոց․ ցանցերում