Վանաձորում, Ծովազարդում և Հայրավանքում կասեցվել են գազավորված ըմպելիքների արտադրությունները

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Հարատիդ» ՍՊ ընկերությանը պատկանող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում (Լոռու մարզ, ք․ Վանաձոր, ապրանքանիշը՝ «Հարատիդ») և հայտնաբերել սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ:

Մասնավորապես՝

  • արտադրական շինությունների պատերի որոշ հատվածների վրա առկա է եղել բորբոս,
  • առաստաղի որոշ հատվածներ պատրաստված չեն եղել այնպես, որ կանխարգելվեն կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, առկա է եղել մասնիկների թափվելու վտանգ,
  • շշալցման վաննաները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում։

Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Տեսչական մարմնի՝ անհատ ձեռնարկատեր Հասմիկ Հովհաննիսյանին պատկանող գազավորված ըմպելիքների արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, Գավառ համայնք, Հայրավանք բնակավայր, ապրանքանիշը՝ Լևագե) իրականացրած վերահսկողությունը ևս բացահայտել է սննդամթերքի արտադրության համար անընդունելի սանիտարահիգիենիկ պայմաններ։

Այսպես՝

  • արտադրամասի հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
  • առաստաղներն ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղներից մասնիկների թափվելու հնարավորությունը, նպաստում է խոնավության խտացմանը,
  • սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով, սանհանգույցով։

Գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է նաև անհատ ձեռնարկատեր Սևակ Մարգարյանին պատկանող գազավորված ըմպելիքների արտադրամասի (Գեղարքունիքի մարզ, Գավառ համայնք, Ծովազարդ բնակավայր, ապրանքանիշը՝ «Ծովազարդ») արտադրական գործունեությունը:

Որոշման համար հիմք են ծառայել վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրված խախտումները։

Մասնավորապես՝

  • արտադրական շինություննների պատերի մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով,
  • առաստաղը ապահով չի եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացում և առաստաղից մասնիկների թափվելու վտանգը,
  • դռները եղել են ոչ հարթ, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,
  • բացվող ներքին պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր,
  • սանհանգույցի դուռը բացվել է արտադրամասի մեջ և գտնվել է ոչ բարվոք վիճակում,
  • սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահ վել նորոգ ու բարվոք վիճակում,
  • սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:

Կիսվել սոց․ ցանցերում