ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության 13-րդ բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում միջմարզային ու ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունը բնակչության ծառայությունների մատուցումից ստացված հասույթներն ամբողջությամբ չի արտացոլում հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներում, որի արդյունքում բյուջե վճարման ենթակա հարկերը թերհայտարարագրվում են։
ՊԵԿ-ից հայտնում են, որ վարչության աշխատակիցները ձեռնարկել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հետազոտվել են վերոնշյալ ընկերության գործունեությանն առնչվող ծառայությունների մատուցման սևագիր մատյաններում առկա տվյալները:
«Միջոցառումների ընթացքում հարցման են ենթարկվել նաև կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերության վարորդները։
Ձեռքբերված տեղեկությունները համադրվել են ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա նույն ժամանակաշրջանին վերաբերելի հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկների հետ:
Պարզվել է, որ ընկերության մատուցած ծառայությունների մասով 2025-2026 թթ․ ընթացքում թերհայտարարագրվել է շուրջ 4.3 մլրդ․ դրամի իրացման շրջանառություն, որի արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ 1.1 մլրդ ՀՀ դրամի հարկային պարտավորություն:
Փաստի առթիվ առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող հարկ վճարողներին հայտարարագրել բացառապես իրացման շրջանառությունների իրական ծավալները, իսկ հաշվապահական հաշվառումը վարել օրենսդրությամբ սահմանված կարգավորումներին համապատասխան։
«ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել ոչ միայն կատարված հանցագործությունների բացահայտման, այլև դրանք կանխելու ուղղությամբ»,- շեշտել են ՊԵԿ-ից:
Ծանուցում. հանցագործության համարմեղադրվողը համարվում է անմեղ, քանիդեռ նրա մեղավորությունն ապացուցված չէՀՀ քրեական դատավարության օրենսգրքովսահմանված կարգով՝ դատարանի՝օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
