Կաշառք և փողերի լվացում․ ձերբակալվել են Գյումրիում ու Վանաձորում ԵՄ 4 մլն եվրո արժողությամբ ծրագիրը ղեկավարողն ու փորձագետը

Հակակոռուպցիոն կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել են, որ ձերբակալվել են Վանաձորում և Գյումրիում Եվրամիության դրամաշնորհային ծրագրի ղեկավար Նատալիա Լափաուրին և փորձագետ Դավիթ Մելքոնյանը։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Վանաձորի համայնքապետարանի կողմից իրականացվող ծրագրի ղեկավար Ն. Լ.-ն:

Վերջինս մեղադրվում է կաշառք ստանալու, իրեն վստահված գույքը հափշտակելու, փողերի լվացման և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:

Ձերբակալվել է նաև նույն ծրագրի փորձագետը, ում մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալուն օժանդակելու համար։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ տեղեկատվություն հայտնել չենք կարող»,- հայտնել են կոմիտեից:

Ըստ տեղեկությունների՝ քրեական վարույթը վերաբերում է ԵՄ դրամաշնորհային միջոցներով 2024 թվականին Վանաձորին և Գյումրիին հատկացված էլեկտրական ավտոբուսների շահագործման խնդիրներին։

Եվրամիության տրամադրած ավելի քան 4 միլիոն եվրոյի շրջանակում համապատասխան գնումներն ու մրցույթներն իրականացվել էին դեռ երկու տարի առաջ, և քաղաքները հենց այդ ժամանակ էլ պետք է ստանային ավտոբուսները։ Նատալիա Լափաուրին գլխավորում էր հենց այս ծրագիրը։

 

Կիսվել սոց․ ցանցերում