600 տարի հողի տակ․ Կոլոմնայում հայտնաբերվել է XV դարի եզակի գանձ

Մոսկվայի մարզի Կոլոմնա քաղաքի պատմական կենտրոնում իրականացված պեղումների ընթացքում հայտնաբերել են XV դարի ավելի քան 2600 արծաթե մետաղադրամներից կազմված եզակի գանձ։ Գանձը հայտնաբերվել է փրկարարական հնագիտական աշխատանքների ժամանակ՝ նախքան շինարարության մեկնարկը։ Մետաղադրամները պահված էին տեղական արտադրության կավե սափորի մեջ, որը շուրջ 600 տարի մնացել էր հողի տակ՝ առանց վնասվելու։ Չնայած Կոլոմնա քաղաքի բազմադարյա կառուցապատմանը և մշակութային շերտերի վնասմանը, ստորին շերտերում պահպանվել են XIV–XV դարերի բնակավայրերի և տնտեսական գործունեության հետքեր։

Գանձի հիմնական մասը կազմում են Մեծ իշխան Վասիլի I Դմիտրիևիչի և նրա որդու՝ Վասիլի II Մթնիի հատած մետաղադրամները։ Նախնական գնահատմամբ՝ դրանք թողարկվել են XV դարի երկրորդ և երրորդ տասնամյակներում։ Գիտնականների հաշվարկներով՝ ավելի քան 2600 մետաղադրամների ընդհանուր արժեքը կազմել է մոտ 13 ռուբլի։ Համեմատության համար՝ XV դարում քաղաքային տունը արժեր մոտ 4–6 ռուբլի, իսկ ձիերի երամակը՝ շուրջ 1 ռուբլի։ Մետաղադրամները, հնարավոր է, թաքցրել են 1425-1427թթ․-ին՝ ժանտախտի համաճարակի ընթացքում։ Հետազոտությունների ավարտից հետո գանձը նախատեսվում է փոխանցել Կոլոմնա-Զարայսկի պետական թանգարան-արգելոցին։

Կիսվել սոց․ ցանցերում