Քոչարյանները դատարանում ապացուցելու են, որ «եկեղեցու խաչն» իրենք չեն գողացել, հարստացել են բացառապես «հալալ քրտինքով»

Կառավարության 2026-2031 թթ․ ծրագրին վերաբերող՝ ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումների ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նրա ընտանիքի դիզած միլիարդներին՝ ազդարարեց՝ «եկեք պատասխանեք՝ էդ ամեն ինչը ձեզ որտեղի՞ց, ո՞նց է եղել, որ դուք միլիոնատեր եք դարձել»։ Ապա, թվարկելով քոչարյաններին պատկանող անշարժ գույքերից որոշները, երկու հարցադրում արեց․ «Ժողովուրդ ջան, ես ձեզ հարց եմ տալիս, ես 8 տարի է՝ ՀՀ վարչապետ եմ, ես ինչո՞ւ Կասկադում հող չունեմ, Սևանի ափին հանգստյան տուն չունեմ, ինչո՞ւ հյուրանոց չունեմ, ինչո՞ւ 1 միլիարդ 740 դրամ չունեմ։ Այսինքն ի՞նչ,  ես միամի՞տ եմ։ Իրենց շուստրի, ուժեղ տղերքն են, ես էլ միամիտն ե՞մ։ Այդ սեփականությունն ինչու է Ռոբերտ Քոչարյանին ու մյուսներինը, որովհետև ում ուզեցել են՝ առել են, ում ուզեցել՝ ծախել»։

Նախկին նախագահի կրտսեր որդի Լևոն Քոչարյանն, ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ, ի պատասխան հիշյալ կոչի նշեց՝ վայրը, որտեղ պետք է տրվեն իրենց ունեցած գույքի ծագումնաբանության վերաբերյալ պատասխաններ, դատարանն է՝ Հակակոռուպցիոն դատարանը, որտեղ էլ արդեն տևական ժամանակ ընթանում է Քոչարյան ընտանիքին պատկանող ունեցվածքի օրինականության վիճարկումը։ Ինչն է զարմանալի՝ Լևոն Քոչարյանը, որը ևս սույն գործով պատասխանողի կարգավիճակ ու մի քանի ընկերություններում մասնաբաժին ունի, ի պատասխան Civic.am-ի հարցի ազդարարեց՝  հիմնավորելու են, որ իրենց պատկանող գույքն ամբողջությամբ՝ յուրաքանչյուր լուման, սանտիմետր հողը, ձեռք են բերել օրինական ճանապարհով։ Բացառապես։ Այսինքն, նախագահի դիրքի ոչ մի չարաշահում, ոչ մի ապօրինության, ոչ մի կոռուպցիոն, հանցավոր սխեմա, միայն հալալ, զուլալ, վճիտ, իստակ քրտինք։ Մարդիկ դառը դատել են՝ բիզնես արել ու հարստացել։  Այլանդա՛կ հարստացել։

Ի դեպ, ժամանակին մի պատգամավոր կար՝ ԲՀԿ-ից, այն կուսակցությունից, որի մոլի պաշտպանությունն այս օրերին ստանձնել է խորհրդարանական ընդդիմությունը, այդ թվում՝ Լևոն Քոչարյանի խմբակցությունը։ Այդ պատգամավորը՝ Նաիրա Զոհրաբյանը, 2016-ին ԱԺ-ում, երբ քննարկվում էր ապօրինի հարստացման քրեականացման, այսպես ասած՝ կուլակաթափման օրինագիծը, խոսելով պետական պաշտոնյաների դիզած միլիարդների, վաշխառուական գործունեության մասին  հայտարարեց՝ «որ պաշտոնյային հարցնում ես, ասում ա՝ իմ հարստությունը հալալ քրտինքով ա, էսքան հալալ քրտինք էս երկրում որտեղի՞ց, չենք կարողանում պարզել։ Բոլորը մուլտիմիլիոնատեր են դարձել իրենց հալալ քրտինքով։ Էդպես չի լինում, էն հայտնի անեկդոտը հիշեցի՝ էդ որ սաղդ սուրբ եք, բա եկեղեցու խաչն ո՞վ գողացավ։ Հիմա ինչ անենք, այս օրենքի մեջ հալալ քրտինքի էքսպերտիզայի գործիք ավելացնե՞նք»։  Փաստորեն, Քոչարյան ընտանիքը, դատելով Լևոն Քոչարյանի խոսքից, իրենց հարստանալու միակ մեթոդի՝ թափած հալալ քրտինքի վերաբերյալ էքսպերտիզա է ներկայացնելու Հակակառուպցիոն դատարան, որով էլ կապացուցվի, որ երկրորդ նախագահն ու նրա որդիները հարստացել են օրենքի տառին և ոգուն համապատասխան։

Ի դեպ, երբ պարոն Քոչարյանից փորձեցինք ճշտել՝ ինչպե՞ս կարձագանքի վարչապետի հարցադրմանը՝ ինքը 8 տարի է՝ վարչապետ է՝ միլիոնատեր չէ, իսկ երկիրը 10 տարի կառավարած երկրորդ նախագահի ընտանիքը միլիարդատեր, հեգնեց՝  հետագայում կպարզվի՝ «հերձումից» հետո կերևա,  թե ով ինչի տեր է։ Ասել կուզի՝ կասկածում է այն տվյալներին, որոնք ներկայացված են Նիկոլ Փաշինյանի ունեցվածքի վերաբերյալ համապատասխան հայտարարագրում, որտեղ, այո, բացակայում են միլիարդներն ու Կասկադում և այլ գերթանկարժեք հատվածներում հող կամ գույք ունենալու նշումները։

Ուշագրավ մի բան էլ՝ Լևոն Քոչարյանն, ի պատասխան լրագրողի հարցի՝ արդյոք ինքը 21 տարեկանում եղել է միլիոնատեր, ծիծաղելով արձագանքեց՝ այդ տարիքում ոչ միայն չի եղել միլիոնատեր, այլ՝ շատ հեռու է եղել նման կարգավիճակից։

Մենք որոշեցինք թեթևակի «հերձել» Լևոն Քոչարյանի կենսագրությունը, որն, ի դեպ, զետեղված է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական կայքում։ Ըստ այդմ՝ Լևոն Քոչարյանը 2008 թվականից «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության բաժնետեր է (նաև խորհրդի անդամ էր)։  2008-ին, այո, Լևոն Քոչարյանը 21 տարեկան չէր, դա թվական կոպիտ սխալ է՝ երկու տարվա շեղումով։ 2008-ին նա 23 տարեկան էր, ու փաստորեն, նման խոշոր ընկերության բաժնետեր։ Մի թեթևակի հերձում էլ իրականացրինք պարոն Քոչարյանի՝ որպես ԱԺ պատգամավոր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած՝ 2025 թ․ հայտարարագրում։ Պարզվեց, որ Լ․Քոչարյանին՝ ընկերություններից մեկում ունեցած  բաժնեմասը՝ ենթադրաբար «Նաիրի Ինշուրանս»-ի 60 տոկոսը, պատգամավորը, ուշադրություն, գնել է 1 միլիարդ 200 միլիոն դրամով։ Հարց է ծագում՝ 23 տարեկան Լևոն Քոչարյանին, որը նախքան հիշյալ բաժնեմասը ձեռք բերելը զինծառայության մեջ էր (ՀՀ Ազգային անվտանգության հատուկ մարտական գործողությունների վարչությունում) որտեղի՞ց 1 միլիարդ 300 միլիոն դրամ։

Տարբերակ 1՝  նա վիճակախաղի տոմս է գնել ու այդքան գումար շահել։

Տարբերակ 2՝ մեծահարուստ պապիկ-տատիկ է ունեցել ու նման ահռելի գումար է ժառանգություն ստացել։

Տարբերակ 3՝ այդքան մեծ գումարը գտել է Երևանի մետրոյի կայարաններից մեկի գետնանցումում ու յուրացրել։

Տարբերակ 4՝  իրենց կեցավայրի հողամասը փորելիս ոսկով ու ակնեղենով լի սնդուկ է գտել ու այն իրացրել։

Տարբերակ 5՝ եղել է ՀՀ նախագահի որդի, պապան այդ ընթացքում իր պաշտոնի բերումով փող է դիզած եղել, որդուն «գրպանի փող» է տվել, նա չի ծախսել տված գումարը, կոպեկ, կոպեկ հավաքել է  ու գնել հիշյալ բաժնեմասը։

Առաջարկեք ձեր տարբերակը։

Հ․Մանուկյան

Կիսվել սոց․ ցանցերում