Փտած ծառը դարձավ վտանգ․ Դավթաշենում այն փակեց ճանապարհը

Օգոստոսի 29-ին՝ ժամը 20:10-ի սահմաններում, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Դավթաշեն 1-ին թաղամասի 36-րդ շենքի բակում հաստաբուն ծառը, որը, նախնական տեղեկություններով, արմատից փտած է եղել, հանկարծակի տապալվել է։

Դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Տապալված ծառը ամբողջությամբ փակել է երթևեկելի հատվածը։ Ծառի ճյուղերն ընկել են բակում կայանված «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Բարեբախտաբար, միջադեպի հետևանքով տուժածներ չկան, իսկ ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, չի վնասվել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳ նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Որոշ ժամանակ անց տարածք են ժամանել նաև Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները։ Նրանք էլեկտրական սղոցի միջոցով մասնատել են ծառը և կարճ ժամանակում հեռացրել այն երթևեկելի հատվածից։

Միաժամանակ, ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, Դավթաշենի թաղապետարանից դեպքի վայրում որևէ պատասխանատու կամ աշխատակից չի ներկայացել։ Սա հատկապես ուշագրավ է այն հանգամանքով, որ նման դեպքերում թաղապետարանի համապատասխան աշխատակիցների ներկայությունը ևս անհրաժեշտ է։

Կիսվել սոց․ ցանցերում