Օգոստոսի 7-ի երեկոյան ստացվել էր ահազանգ, որ գողություն է կատարվել Գյումրիի Շերամի թաղամասի մի բնակարանից։ Մեկնել էր Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը։ Ոստիկանները պարզել էին, որ գողությունը կատարվել է ցերեկը, երբ տանը մարդ չի եղել, հարմարեցված բանալիով բացել են դուռը և գողացել գումար ու զարդեր։
Ավելի ուշ ստացվեց նմանատիպ մեկ այլ ահազանգ։ Նույն օրը՝ նույն ժամերին, դարձյալ օգտվելով տանը մարդ չլինելու հանգամանքից ու հարմարեցված բանալիով բացելով դուռը, ապօրինի մուտք էին գործել Գյումրիի Գորկու փողոցի մի բնակարան և գողացել երեք հազար դոլար, 180 հազար դրամ ու ոսկեղեն։
Երկու դեպքով էլ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ, իսկ իրավապահների վարկածը, որ երկու դեպքում էլ գործել են նույն անձինք՝ հաստատվեց օրեր անց։
Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները ստացան հավաստի տեղեկություն, որ բնակարանային երկու գողությունն էլ կատարել են Վանաձորի բնակիչ երկու տղամարդիկ։ Ըստ տեղեկության՝ նրանց օժանդակել էր Գյումրիի Շերամի փողոցի 37-ամյա բնակիչը։
Կայացվում է որոշում 38 և 34 տարեկան տղամարդկանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։
Շիրակի մարզային քննչական վարչության, Քրեական ոստիկանության Շիրակի և Լոռու մարզային վարչության ծառայողներն օգոստոսի 20-ին խուզարկություն են կատարում վանաձորցիների բնակության վայրերում։ Հայտնաբերվում են դուռ բացելու հատուկ սարքեր և հարմարեցված բանալիներ։
Նույն օրը Վանաձորի Լանջային փողոցում հայտնաբերվում և ձերբակալվում է Վանաձորի 34-ամյա բնակիչը։ Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվում կալանքը։
Նույն օրը ձերբակալվում է նաև հանցագործություններին օժանդակած Գյումրիի 37-ամյա բնակիչը։ Նա տեղափոխվում է ձերբակալվածների պահման վայր։
Բնակարանային գողություններն անմիջականորեն կատարած 34-ամյա տղամարդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Ձեռնարկվում են միջոցներ հետախուզվողին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է։
