Աէրացիայում 11 հոգուց, այդ թվում՝ մանկահասակ երեխաներից բաղկացած ընտանիքը կարող է հայտնվել փողոցում։ Ընտանիքը, որ արդեն 30 տարի է, ինչ տնակում է ապրում, նախօրեին է քաղաքապետարանից իմացել, որ վաղը պատրաստվում են քանդել իրենց տունը՝ պատճառաբանելով, որ սեփականության իրավունք չունեն, թեև տունն ընտանիքը նվեր էր ստացել, բնակվում էին, 30 տարի վճարել են բոլոր հարկերը։ Ընտանիքի տատիկը՝ տիկին Անուշը, «Փաստինֆո»-ին ահազանգեց այս մասին՝ պատմելով, որ երեխաներից ամենափոքրը նորածին է։
«Ուրբաթ օրը քաղաքապետարանից ուղարկել, թաղապետարանից եկել՝ զգուշացրել են, որ հրատապ պետք է քանդեն, բայց երկու կրծքի երեխա կա, 5 տարեկան, 1 տարեկան երեխաներ կան, 11 հոգով ապրում ենք, ես որ մեկին վերցնեմ ու գնամ։ Հազիվ ստեղծել ենք, չեմ կերել, չեմ հագել, Մալաթիա Սեբաստիայի թաղապետարանում հավաքարար եմ աշխատել, հիմա հաշմանդամ եմ դարձել, չեմ կարողանում շարժվել, անառողջ վիճակում եմ, ասում են՝ քանդի։
Սեփականաշնորհում, ճիշտ է, չկա, բայց 30 տարի ապրում եմ, բոլոր հարկերը, կոմունալները, աղբի գումարը վճարել եմ, կտրոնները կա։ Այս երեխեքը հիմա որտեղ ապրեն, փողոցու՞մ, հարսս հիմա դեկրետում է, աշխատում ենք, կոպեկ-կոպեկ հավաքել, ստեղծել ենք, քանդենք ինչ անենք։ Ինչ անեմ, ես ՀՀ բնակիչ եմ, թուրքի նման գան հանե՞ն, Հայաստանն ինչի նման է »,- ասաց նա՝ հավելելով, որ երկու օրից սեպտեմբերի 1 է, երեխաները դպրոց պետք է գնան, դիմացը աշուն է, ձմեռ, երեխաների հետ ինչպե՞ս ձմռանը փողոցում լինեն։ Անորոշության զգացումը նաև երեխաների վրա է տարածվել, ինչպես հայտնում է նրանց տատիկը՝ երեխաներն այժմ շատ ծանր հոգեբանական վիճակում են, ամբողջ օրը քարացած լացում են։
Տիկին Անուշը պատմեց, որ գումար էին հավաքում, որ սեփականաշնորհեն տարածքը։
