Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները տեղեկություն են ստացել, որ Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղի 48-ամյա բնակիչը և Էջմիածնի 38-ամյա բնակիչ ընկերը, օգտվելով հարսանյաց հանդեսների մեկնած քաղաքացիների տներից բացակայելու հանգամանքից, բնակարանային գողություններ են կատարում Երևանում և հարակից տարածքներում։
Օգոստոսի 18-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Մուղնի գյուղի ցուցանակի մոտ ոստիկանները նկատել են «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենա, որի ղեկին եղել է 38-ամյա տղամարդը։ Մոտ 20 րոպե անց նա մեքենայով շարժվել է Աշտարակի ուղղությամբ։
Ավելի ուշ՝ ժամը 23:25-ին, Կարբի գյուղի տներից մեկի բակից դուրս գալու պահին ոստիկանները ձերբակալել են Նոր Արմավիրի 48-ամյա բնակչին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է ոսկեգույն թևնոց։ Ժամը 23:55-ին ձերբակալվել է նաև 38-ամյա տղամարդը, իսկ նրա վարած մեքենան տեղափոխվել և կնիքվել է ոստիկանության վարչության տարածքում։
Ոստիկանությունը պարզել է, որ Կարբիի տան բնակիչները այդ պահին հարսանեկան արարողության էին։ Տանտերը ոստիկանությունում հայտնել է, որ տուն վերադառնալուց հետո հայտնաբերել է բաց պատուհաններ և տակնուվրա արված բնակարան։ Պահարանի վրա դրված զարդատուփից բացակայել է ոսկեգույն թևնոցը։
Ձերբակալված տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։ Հետագա միջոցառումներով, ըստ ՆԳՆ-ի, հիմնավորվել է նրանց կողմից կատարված ևս 5 նմանատիպ բնակարանային գողության հանգամանքը։ 48-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նա կալանավորված է։ Նախաքննությունը շարունակվում է։
