Սեպտեմբերի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժին է զանգահարել Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Արես Ե․-ն և հայտնել, որ Արարատի մարզի բնակիչ 69-ամյա Իրա Զ․-ն ընդհանուր անզգայացման ընթացքում մահացել է:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի պարտականությունները կատարող Գրիգորյանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 11։55-ի սահմաններում, Մասիս քաղաքի Դպրոցականների 9 հասցեում գործող «Էդեմ» հիվանդանոցում Իրա Զ․-ն, գտնվելով վիրահատական սեղանին՝ ընդհանուր անզգայացման տակ, մահացել է։
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների կողմից նույն օրը նշված հիվանդանոցի բուժքույրեր, Արարատի մարզի բնակիչներ՝ 54-ամյա Երանուհի Խ․-ն, 71-ամյա Շողիկ Ա․-ն, անեսթեզիոլոգ, Արարատի մարզի բնակիչ 67-ամյա Կարեն Բ․-ն, շտապօգնության բժիշկ, Երևանի բնակիչ 38-ամյա Դավիթ Գ․-ն և «Էդեմ» բժշկական կենտրոնի տնօրեն, Արարատի մարզի բնակիչ 67-ամյա Մհեր Ե․-ն ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Մասիսի բաժին։
