Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է

Այսօր Կառավարության նիստում քննարկվելու է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով առաջարկվում է քաղաքացիներին հնարավորություն տալ իրենց վճարած եկամտային հարկի հաշվին գումար հատկացնել հասարակական կազմակերպություններին, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, ինչպես նաև կուսակցություններին։ Նախագծով այդ հատկացումները ներառվում են սոցիալական ծախսերի շարքում։ Գործող կարգավորումներով սոցիալական ծախսերի շրջանակում ներառված են առողջապահության, կրթության և բնակարանային ապահովության համար քաղաքացիների կատարած ծախսերը։ Նոր կարգավորմամբ քաղաքացին կարող է իր եկամտային հարկի հաշվին անհատույց գումար հատկացնել, օրինակ, որևէ լրատվամիջոցի, հասարակական կազմակերպության կամ կուսակցության։ Թե որքան գումար կարող է հատկացվել և որ կազմակերպությունները, լրատվամիջոցներն ու կուսակցությունները կարող են օգտվել այս մեխանիզմից, սահմանելու է Կառավարությունը։ Կառավարությունը պետք է սահմանի նաև համապատասխան չափանիշները, հարկային մարմնին ներկայացվող տեղեկությունների ցանկն ու դրանց հրապարակման կարգը, ինչպես նաև սոցիալական ծախսերի փաստաթղթավորման կարգը։ Նախագծի համաձայն՝ նոր կարգավորումը կիրառվելու է 2026 թվականի և դրան հաջորդող հարկային տարիների համար հաշվարկված և վճարված եկամտային հարկի գումարների հաշվին կատարվող հատկացումների նկատմամբ։ Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրանից բխող ենթաօրենսդրական ակտերը պետք է ընդունվեն օրենքի ընդունումից հետո՝ երեք ամսվա ընթացքում։ Նարեկ Կիրակոսյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/1061553.html?fbclid=IwcGRvZgFmZGlkFlDp1H7b6Nzw7-J4XUmegm29YJjFAwxleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZAo2NjI4NTY4Mzc5AAEevIAnIanO—FPlIqxY7TzR0fxuQiivIbgB-ufxLshlLvGkOUqZVtJW1MurtE_aem_RBut4utA1CvyYIY_FCSSrg

© factor.am

Կիսվել սոց․ ցանցերում