Փարիզի դատարանը Քիմ Քարդաշյանին 1 դոլար փոխհատուցում է շնորհել 2016 թվականին Ֆրանսիայի մայրաքաղաքում զինված կողոպուտի զոհ դառնալու համար։ Այդ գումարն էր պահանջել հենց Քարդաշյանը, այս մասին գրում է CNN-ը։
Քարդաշյանը և նրա ոճաբան Սիմոն Հարուշը համատեղ հայտարարությամբ շնորհակալություն են հայտնել ֆրանսիական արդարադատության համակարգին՝ նշելով, որ իրենց համար դատարանի որոշումը ոչ այնքան փոխհատուցման, որքան պատասխանատվության և կատարվածի ճանաչման հարց է։
2016 թվականի հոկտեմբերի 2-ին՝ Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում, ոստիկանության համազգեստով երկու զինված անձինք ներխուժել էին Քարդաշյանի հյուրանոցային համար։ Նրան կապել էին և հափշտակել ավելի քան 6 միլիոն դոլար արժողությամբ զարդեր, այդ թվում՝ ադամանդե մատանին։ Դեպքի առնչությամբ անցած տարի դատարանը ութ անձի մեղավոր էր ճանաչել։ Կասկածյալների մի մասը տարիքով պայմանավորված ստացել էր «պապիկ-կողոպտիչներ» մականունը։
Դատարանը նաև փոխհատուցում է շնորհել հյուրանոցի նախկին ընդունարանի աշխատակցին, որը հայտնել էր, որ կողոպուտից հետո հոգեկան ցնցում է ապրել։ Հյուրանոցին տրվել է 57,741 դոլարի փոխհատուցում, իսկ Քարդաշյանին՝ 1 դոլար։ Քարդաշյանը նախկինում կատարվածը բնութագրել էր որպես իր կյանքի ամենասարսափելի փորձառությունը՝ նշելով, որ դեպքը խոր հետք է թողել իր և ընտանիքի վրա։
