ԱՄՆ-ը նախատեսում է վերականգնել Սառը պատերազմի ժամանակաշրջանի ամերիկյան ռազմաբազաներից մեկը Գրենլանդիայի հարավում և ևս մեկ ռազմաբազա ստեղծել կղզու արևելյան ափին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ նախատեսվում է վերականգնել Նարսարսուաքում գտնվող նախկին Bluie West One ռազմաբազան, որը փակվել էր 1950-ականներին։
Երկրորդ ռազմաբազան նախատեսվում է ստեղծել Մեստերսվիգում։ Այդ տարածքն այժմ օգտագործում է Դանիայի ռազմածովային ուժերի «Սիրիուս» պարեկային ստորաբաժանումը։
Նոր ռազմաբազաների հարցը ներառված է ԱՄՆ-ի, Դանիայի և Գրենլանդիայի եռակողմ համաձայնագրում։ Reuters-ի աղբյուրների համաձայն՝ փաստաթուղթը կարող է ստորագրվել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։
Կոպենհագենում ընդգծել են, որ համաձայնագրով Արկտիկայի անվտանգության հարցերը պետք է գտնվեն ՆԱՏՕ-ի վերահսկողության ներքո և չմնան միայն ԱՄՆ-ի ու Դանիայի իրավասության շրջանակում։
