Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով՝ այլ անձանց հետ շփման արգելքով

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինել է տնային կալանքով՝ այլ անձանց հետ շփման արգելքով։ Այս մասին հայտնել է Մանուկյանի պաշտպան Տաթևիկ Սողոյանը։

Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել էր հուլիսի 9-ին, ապա կալանավորվել երկու ամսով։ Սեպտեմբերի 8-ին նրա կալանքի ժամկետը երկարացվել էր ևս մեկ ամսով։

Մանուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեղադրանքով։ Մանուկյանը մեղադրանքը չի ընդունում։

Կիսվել սոց․ ցանցերում