Կանադայի Քվեբեկ նահանգում ուղղաթիռի կործանման հետևանքով չորս մարդ է զոհվել, հայտնում է CBC-ն։
Ուղղաթիռը շաբաթ օրը ցերեկը կործանվել է 10-րդ մայրուղուց ոչ հեռու գտնվող դաշտում՝ Սեն-Բրիժիտ-դ’Իբերվիլ մունիցիպալիտետում, Մոնրեալից մոտ 55 կիլոմետր հարավարևելք։
Ինչպես հայտնել է Քվեբեկի ոստիկանության ներկայացուցիչ Բրիժիտ Դորսանվիլը, ուղղաթիռը կործանվել է տեղական ժամանակով մոտ 14:30-ին։ Երբ արտակարգ ծառայությունները հասել են դեպքի վայր, այն արդեն այրվում էր։ Բոլոր չորս անձինք, որոնք եղել են ուղղաթիռում, տեղում հայտարարվել են զոհված։
Ոստիկանության նախնական տվյալներով, ուղղաթիռը, հավանաբար, բախվել է տեխնիկական կամ այլ խնդիրների թռիչքից քիչ անց և ընկել մեկնելու վայրից ոչ հեռու։ Թե կոնկրետ որտեղից է այն օդ բարձրացել, առայժմ չի հաղորդվում։
Ոստիկանությունը կարծում է, որ ուղղաթիռը մասնավոր օդանավ է եղել։ Զոհվածների ինքնությունները դեռևս չեն հրապարակվում։
Կործանման վայրում բռնկված հրդեհը հաջողվել է մարել։ Հետաքննությունը փոխանցվել է ոստիկանության ծանր հանցագործությունների քննության ստորաբաժանմանը։
Կանադայի տրանսպորտային անվտանգության խորհուրդը հայտնել է, որ դեպքի վայր է ուղարկել քննիչների խումբ։ Նրանք պետք է պարզեն աղետի հանգամանքներն ու պատճառները։
Կանադայի տրանսպորտի նախարար Սթիվեն Մաքքինոնը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և բոլոր նրանց, ում վրա անդրադարձել է այս ողբերգությունը։
«Իմ մտքերը բոլոր նրանց հետ են, ում դիպել է այս ողբերգությունը», — սոցիալական ցանցերում գրել է նախարարը՝ ընդգծելով, որ քաղաքացիական ավիացիայի անվտանգությունը մնում է Տրանսպորտի նախարարության գլխավոր առաջնահերթություններից մեկը։
Մաքքինոնը հավաստիացրել է, որ դաշնային կառավարությունը հետևում է իրավիճակին և պատրաստ է տրամադրել անհրաժեշտ աջակցություն։ Նա նաև հայտնել է, որ Տրանսպորտի նախարարությունը կնշանակի նախարարի հատուկ դիտորդ։
Նրա խնդիրը կլինի հետևել իշխանությունների գործողություններին՝ Տրանսպորտային անվտանգության խորհրդի հետ համատեղ, և պարբերաբար նախարարին տեղեկացնել հետաքննության ընթացքի մասին։ Դիտորդը նաև կկարողանա բացահայտել ավիացիայի կարգավորման հնարավոր խնդիրները կամ անվտանգության ապահովման թերությունները։
