Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի ենթադրյալ վայրում, կառույցներ են հայտնաբերվել

Գիտնականները հնարավոր ստորգետնյա կառույցներ են հայտնաբերել Դուրուպինարի կազմավորման տարածքում, որը գտնվում է Արարատ լեռից մոտ 20 կմ հարավ և որոշ հետազոտողներ այն կապում են աստվածաշնչյան Նոյյան տապանի հետ, հայտնել է Noah’s Ark Scans հետազոտական նախագիծը։ Նոր գեոռադարային հետազոտությունների արդյունքում գետնի տակ հայտնաբերվել են ուղիղ գծեր, ուղիղ անկյուններով հատումներ, բազմաշերտ կառուցվածքներ և խոշոր անցքեր։ Հետազոտական խումբը դրանք դիտարկում է որպես հնարավոր միջանցքներ, սենյակներ և մարդու կողմից ստեղծված օբյեկտի այլ տարրեր։ Միևնույն ժամանակ՝ գեոռադարի տվյալներն ինքնին չեն ապացուցում, որ հայտնաբերված կառույցը Նոյյան տապանն է։ Հետազոտությունն իրականացնում է միջազգային խումբը՝ Սիվասի համալսարանի պրոֆեսոր, հնագետ Ջենքեր Աթիլայի գլխավորությամբ։ Մասնագետները 150 կետից հողի մոտ 1000 նմուշ են հավաքել և սկսել խորքային հորատումներ։ Հետազոտողների տվյալներով՝ հորատումների ընթացքում հայտնաբերվել են օրգանական նյութերի բարձր պարունակությամբ շերտեր և մի քանի ստորգետնյա անցք։ Խումբը նախատեսում է նմուշների լաբորատոր հետազոտություններ անցկացնել, այդ թվում՝ ռադիոածխածնային վերլուծություն՝ դրանց տարիքն ու ծագումը պարզելու համար։ Հաջորդ փուլում նախատեսվում է օգտագործել Gopher հատուկ ստորգետնյա ռոբոտը։ Դրա միջոցով հետազոտողները մտադիր են պատկերներ ստանալ մարդու համար անհասանելի խոռոչներից և լրացուցիչ նմուշներ հավաքել։ Դուրուպինարի կազմավորումն ունի մոտ 160 մետր երկարություն և նավ հիշեցնող արտասովոր ձև։ Օբյեկտը հետազոտողների ուշադրության կենտրոնում է 1950-ականներից, սակայն երկրաբանները դրա ծագումը հիմնականում բացատրել են բնական գործընթացներով։ Ներկայիս հետազոտության մասնակիցները հայտարարել են հայտնաբերված կառույցի արհեստական ծագման մասին։ Սակայն վերջնական գիտական ապացույցներ, որ օբյեկտը Նոյյան տապանն է, առայժմ չկան։ Հորատումների և նմուշների լաբորատոր վերլուծության արդյունքները դեռ պետք է լրացուցիչ ստուգվեն։ Արարատ լեռն ու Նոյյան տապանի պատկերը հատուկ նշանակություն ունեն հայկական պատմական և մշակութային ավանդույթում։ Արարատի ֆոնին Նոյյան տապանի պատկերը նաև Հայաստանի պետական զինանշանի մաս է։

Կիսվել սոց․ ցանցերում