Թրամփը մերժել է Իրանի առաջարկը՝ մեկ շաբաթով Հորմուզի նեղուցը բացելու մասին. նրա պնդմամբ՝ կարևոր որոշում կա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Իրանի առաջարկած յոթնօրյա հրադադարի ծրագիրը՝ Հորմուզի նեղուցով նավագնացությունը վերականգնելու համար։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչինավելի վաղ ՄԱԿ-ում լրագրողներին հայտարարել էր, որ Թեհրանը ներկայացրել է խաղաղության ծրագիրը Կատարի միջոցով։ Նա ասել է, որ համաձայնագիրը նախատեսված է յոթնօրյա հետհաշվարկ սկսելու Հորմուզի նեղուցի բացման և տարածաշրջանում ռազմական գործողությունների դադարեցման համար։

«Եթե ամերիկյան կողմը լուրջ մտադրություն ունի համաձայնության գալ և բացել Հորմուզի նեղուցը, ապա ամեն ինչ արդեն իր տեղում է», — ասել էր Արաղչին։

Թրամփը գոհ չէ առաջարկից

Այնուամենայնիվ, Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է, որ դժգոհ է առաջարկվող գործարքից ու հայտարարել, թե Թեհրանը «ցանկանում է համաձայնության գալ և անմիջապես բացել նեղուցը, քանի որ նրանք կրում են այդքան մեծ պարտություն»։

«Ես մերժում եմ նրանց գործարքը», — ասել է նախագահը։

Նա հավելել է, որ Հորմուզի նեղուցն արդեն իսկ «լիակատար վերահսկողության տակ է» ԱՄՆ-ի կողմից, և որ ենթադրաբար «նավթի հսկայական ծավալներ» են անցնում դրանով։ ԱՄՆ նախագահը որևէ ապացույց չի ներկայացրել դրա համար։

«Նրանք ուզում են գործարք կնքել, և ես կարծում եմ, որ դա նորմալ է։ Ես նույնպես սիրում եմ գործարքներ կնքել։ Բայց ես գոհ չեմ այս գործարքից», — ասել է Թրամփը։

«Wall Street Journal»-ը, հղում անելով ԱՄՆ անանուն պաշտոնյաների, հաղորդել է, որ Թրամփը իր խորհրդականներին ասել է, թե ակնկալում է, որ ռմբակոծությունները կվերսկսվեն նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի ընտրություններից հետո։

ԱՄՆ նախագահը նաև իր սոցիալական ցանցի՝ Truth Social-ի էջում հրապարակել է Հորմուզի նեղուցի քարտեզը՝ շրջանագծելով այն և նկարի տակ գրելով «Թրամփի նեղուց» բառերը։

Ինչ է առաջարկել Իրանը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանը Վաշինգտոնին առաջարկել է, որոշակի պայմաններով, մեկ շաբաթվա ընթացքում վերականգնել Հորմուզի նեղուցով նավագնացությունը և վերսկսել հակամարտության երկարաժամկետ կարգավորման շուրջ բանակցությունները։ Այս նախաձեռնությունը, նրա խոսքով, հիմնված է հունիսյան փոխըմբռնման հուշագրի վրա։

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալով՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը թույլ չի տա նավերի ազատ անցում Հորմուզի նեղուցով, քանի դեռ ուժի մեջ են մնում ԱՄՆ պատժամիջոցները և շրջափակումը։ Փեզեշքիանը նաև հայտարարել է, որ Իրանը մտադիր չէ հրաժարվել տնտեսական նպատակներով միջուկային տեխնոլոգիաներ մշակելու իր իրավունքից։

Wall Street Journal-ի տվյալներով՝ երկու կողմերը շարունակում են քննարկել Իրանի միջուկային ծրագիրը միջնորդների միջոցով։ Մինչդեռ Վաշինգտոնը Թեհրանին տեղեկացրել է, որ Թրամփը մտադիր չէ վերացնել ծովային շրջափակումը, Wall Street Journal-ին հայտնել են ամերիկացի պաշտոնյաները։ ԱՄՆ-ն կարծում է, որ տնտեսական շարունակական ճնշումը, ի վերջո, կստիպի Իրանին համաձայնագիր կնքել Վաշինգտոնի և Պարսից ծոցի արաբական պետությունների համար ընդունելի պայմաններով։

Թրամփը խոստանում է «մեծ ու կարևոր որոշում»

Այս շաբաթ ՄԱԿ-ում ելույթ ունենալով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը կանգնած է մեծ որոշման առաջ՝ ոչնչացնել Իրանը կամ համաձայնության գալ նրա հետ։

ԱՄՆ պաշտոնյան նախկինում Reuters-ին ասել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը «դրական և կառուցողական բանակցություններ են վարում միջնորդների միջոցով»։ Սակայն, ըստ The Wall Street Journal-ի, Թրամփը ասել է, որ անձնական կասկածներ ունի՝  Իրանը կկատարի իր պահանջները։

Հակամարտության սկիզբը և ընթացքը

Իրանի հետ պատերազմը, որը սկսվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից փետրվարի 28-ին, խլել է հազարավոր կյանքեր, հիմնականում Իրանում և Լիբանանում։ Ի պատասխան՝ Թեհրանը հարձակվել է Իսրայելի և ԱՄՆ դաշնակիցների վրա Պարսից ծոցում։

Հակամարտությունը լուրջ էներգետիկ ճգնաժամ է առաջացրել՝ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փաստացի փակման պատճառով։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի խոսքով՝ նեղուցը կվերաբացվի «եթե անհրաժեշտ պայմանները» հաստատվեն կողմերի միջև, որոնք հաստատվել էին դեռևս հունիսին, և եթե փոխըմբռնման հուշագիր ստորագրվի:

Այդ 60-օրյա ծրագիրը նախատեսում էր ռազմական գործողությունների դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, Թեհրանի դեմ պատժամիջոցների վերացում, Իրանի համար վերակառուցման հիմնադրամի ստեղծում և Հորմուզի նեղուցի բացում։ Իրանը և Միացյալ Նահանգները փաստաթուղթը ստորագրել են հունիսի 18-ին, և ռազմական գործողությունները ժամանակավորապես դադարել են:

Հրադադարը տևել է մեկ ամսից էլ պակաս, իսկ փոխադարձ հարձակումները վերսկսվել են հուլիսի 8-ին։

Կիսվել սոց․ ցանցերում