Անուններ չեմ տալու, նամակներ չեմ հրապարակելու, թեև կան մարդկանց կողմից ուղարկված բազմաթիվ նամակներ, որոնք մնացել են անպատասխան

Բավականին երկար ժամանակ է՝ ուզում եմ խոսել այս թեմայի մասին։ Նախապես խնդրում եմ՝ ում դուր չի գա իմ խոսքը, զերծ մնացեք մեկնաբանություններից։ Սա իմ անձնական էջն է, և ես իրավունք ունեմ արտահայտելու իմ կարծիքը։
Խոսքս ուղղում եմ ՔՊ-ի իմ կուսակցական ընկերներին, պատգամավորներին ու նախարարներին, բայց շեշտում եմ՝ խոսքս ԲՈԼՈՐԻՆ չի վերաբերում։ Կան մարդիկ, ովքեր շարունակում են մնալ հասանելի, մարդամոտ ու պատասխանատու։ Ես հենց նրանցից էլ օրինակ եմ ուզում վերցնել մյուսների համար։
Անուններ չեմ տալու, նամակներ չեմ հրապարակելու, թեև կան մարդկանց կողմից ուղարկված բազմաթիվ նամակներ, որոնք մնացել են անպատասխան։ Չեմ ցանկանում մանրամասնել, բայց երբեմն լռությունն ու անտեսումն ավելի խոսուն են, քան ցանկացած պատասխան։
Հարգելի՛ գործընկերներ, հիշե՛ք՝ ընդամենը ամիսներ առաջ, նախընտրական շրջանում, որքան մարդամոտ էիք, որքան ջերմ էիք շփվում մարդկանց հետ, բեմերից խոստումներ տալիս, մարդկանց կողքին կանգնում։ Իսկ հիմա ի՞նչ է փոխվել։ Հինգ տարին հաստատվե՞լ է, և այլևս մարդկանց լսելու կարիքը չկա՞։
Եթե այդպես եք մտածում, ապա սխալվում եք։ Մարդու իրական վերաբերմունքը երևում է ոչ թե ընտրություններից առաջ, այլ այն ժամանակ, երբ ընտրողը դիմում է նրան օգնության, ուշադրության կամ ընդամենը մի պատասխանի ակնկալիքով։
Երբ մարդը ձեզ գրում է, կամ պարզապես բարևում, մի՛ անտեսեք նրան, մի՛ ընդունեք մեծամիտ կեցվածք։ Գուցե նրա խնդիրը ձեզ համար փոքր է, բայց իր համար՝ ամբողջ աշխարհ։ Մարդկանց պետք չէ միշտ մեծ պաշտոն կամ մեծ հնարավորություն․ երբեմն բավական է պարզապես լսել նրանց։
Եվ մի բան էլ՝ հիշե՛ք, դուք էլ եք եղել հասարակ մարդիկ, դուք էլ եք քայլել նույն ճանապարհներով, դուք էլ եք մարդկանց աջակցության կարիքն ունեցել։ Պաշտոնը մարդուն չպետք է հեռացնի ժողովրդից։ Ընդհակառակը՝ այն պետք է ավելի պատասխանատու դարձնի նրա առաջ։
Այս ամենն ասում եմ ոչ թե թիմին վնասելու, այլ հենց թիմի մասին մտածելով։ Որովհետև գոռոզությունը, անտարբերությունն ու մարդկանց անտեսելը կարող են վնասել ոչ միայն անհատին, այլև ամբողջ թիմի հեղինակությանը։
Վարչապետից օրինակ վերցրե՛ք։ Երբ ղեկավարը ժամանակ է գտնում մարդկանց նամակներին պատասխանելու համար՝ անկախ նրանից՝ դիմողը հասարակ աշխատող է, թե որևէ պաշտոն զբաղեցնող մարդ, դա վերաբերմունքի և պատասխանատվության օրինակ է։
Եվ կրկին շեշտում եմ՝ խոսքս բոլորի մասին չէ։ Ես գնահատում եմ նրանց, ովքեր չեն փոխվել, ովքեր չեն կորցրել մարդկային վերաբերմունքն ու հասանելի լինելու կարողությունը։ Բայց նրանք, ովքեր մոռացել են, թե որտեղից են սկսել և ում վստահության շնորհիվ են այսօր իրենց տեղում, թող մի պահ կանգ առնեն ու մտածեն։
Պաշտոնը ժամանակավոր է, մարդկային վերաբերմունքը՝ հիշվող։ Մարդիկ գուցե մոռանան ձեր խոստումները, բայց երբեք չեն մոռանա՝ իրենց դժվար պահին լսե՞լ եք, թե՞ անտեսել։
Ժողովրդի կողքին լինելը միայն ընտրություններից առաջ չէ։ Դա ամենօրյա պատասխանատվություն է։
Կիսվել սոց․ ցանցերում