Ադրբեջանի Թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը հայտարարություն է տարածել այն մասին, թե սեպտեմբերի 29-ին Եվլախ քաղաքում ԼՂ բնակչության ներկայացուցիչների և Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ հնչել է ռադիոհեռարձակման կազմակերպման վերաբերյալ հայերի ներկայացուցիչների կողմից խնդրանք:
Այն կատարելու նպատակով ուսումնասիրվել է տարածաշրջանում հեռարձակման հետ կապված իրավիճակը։
Հաղորդագրության համաձայն՝ Շուշիի ռադիոհեռուստատեսային հեռարձակման կայանի միջոցով Ղարաբաղի բազմաթիվ շրջաններում, այդ թվում՝ Ստեփանակերտում, հեռարձակվել է ադրբեջանական 7 ռադիո և 9 հեռուստածրագիր:
Նշվում է, որ ապահովվել է Ադրբեջանի հեռուստատեսային հաղորդումների, ինչպես նաև FM ռադիոյի 101.1 հաճախականությամբ, 103.5 և 97.7 ՄՀց՝ ադրբեջանական հայերեն և ռուսերեն լեզուներով հեռարձակումը՝ ադրբեջանական կոչերը հայ բնակիչներին հասցնելու համար։
Հիշեցնենք՝ դեռևս անհայտ է, թե քանի՞ բնակիչ է մնացել Լեռնային Ղարաբաղում:
