Հիտլերի «Արծվի բույնը» հրդեհվել է․ ձերբակալվել է 33-ամյա տղամարդ

Գերմանիայի հարավարևելյան հատվածում՝ Բերխտեսգադենի շրջանում գտնվող «Արծվի բույն» պատմական շենքում ուրբաթ երեկոյան հրդեհ է բռնկվել։ Հրդեհաշիջման աշխատանքները բարդացել են ուժեղ քամու և առատ ձյան պատճառով։

Իշխանությունների տվյալներով՝ արտակարգ ծառայություններն ահազանգ են ստացել ժամը 21։15-ի սահմաններում։ Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու հրշեջները ճանապարհին կանգնեցրել և ձերբակալել են լեռից մոտոցիկլետով իջնող 33-ամյա տղամարդու։

Դատախազության փոխանցմամբ՝ կասկածյալը Գերմանիայի քաղաքացի է։ Նրա մոտ հոգեկան առողջության խնդիրների հնարավոր նշաններ են նկատվել, ինչի պատճառով նրան տեղափոխում են հոգեբուժական հաստատություն։ Միաժամանակ քննիչները չեն բացառում քաղաքական դրդապատճառի առկայությունը՝ հաշվի առնելով շենքի պատմական նշանակությունը։ Ոստիկանությունը հայտնել է, որ այլ անձանց հնարավոր մասնակցության վերաբերյալ այս պահին տվյալներ չկան։

Հրդեհի հետևանքով տուժածներ չեն եղել։ Շինության ներսում փլուզման վտանգի պատճառով հրշեջները չեն կարողացել անմիջապես մուտք գործել շենք։

«Արծվի բույնը», որը գերմաներեն կոչվում է Kehlsteinhaus, կառուցվել է Հիտլերի համար և գտնվում է ծովի մակարդակից 1834 մետր բարձրության վրա։ 1952 թվականից այն գործում է որպես սրճարան և ռեստորան, ինչպես նաև ունի շենքի պատմությանը նվիրված ցուցադրություն։

Բավարիայի ներքին գործերի նախարար Յոախիմ Հերմանը հայտարարել է, որ շենքը նախատեսվում է վերականգնել։

«Մենք այնտեղ ավերակ չենք թողնելու»,- նշել է նախարարը՝ ընդգծելով նաև պատմական հիշողության պահպանման կարևորությունը։

Վերականգնման եղանակի վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի տեղական իշխանությունների, պատմաբանների և հուշարձանների պահպանության մասնագետների հետ քննարկումներից հետո։

Կիսվել սոց․ ցանցերում