Տիրանայում հակակառավարական ցույցերը վերածվել են բախումների․ ցուցարարները պահանջում են վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը։
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շաբաթ օրը հակակառավարական բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանությունը արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ է կիրառել՝ ցուցարարներին ցրելու համար։ Ցուցարարները քարեր են նետել իրավապահների ուղղությամբ և հրդեհել գյուղատնտեսության նախարարության շենքի մուտքի դուռը։
Բողոքի ակցիաները, որոնք հիմնականում առաջնորդվում են ուսանողների կողմից, պայմանավորված են պետական կոռուպցիայի վերաբերյալ մտահոգություններով, աշխատատեղերի պակասով և կրթության որակի խնդիրներով։ Այս ամիս ցույցերն ընդգրկել են Տիրանայի կենտրոնական հատվածը և տարածվել նաև երկրի այլ քաղաքներում։
Ըստ Reuters-ի՝ վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը պահանջող ցուցարարները, բացի նախարարության շենքի մոտ տեղի ունեցած միջադեպից, նախկինում հրդեհել են նաև կառավարական շենքեր և բանկեր, կոտրել խանութների ցուցափեղկերն ու մայթերի սալիկները նետել ոստիկանների ուղղությամբ։
Շաբաթ օրը՝ տեղական ժամանակով ժամը 14։00-ի սահմաններում, ցուցարարները հավաքվել են կրթության նախարարության շենքի առջև, որտեղ քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ։ Իրավապահների գործողություններից հետո ցուցարարները ցրվել են և տեղափոխվել քաղաքի տարբեր հատվածներ։
