Ադրբեջանի գիտության և կրթության նախարարությունը Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Հոսեյն Սիմայի-Սարրաֆի հայտարարությունն Ադրբեջանի կրթական քաղաքականության վերաբերյալ որակել է երկրի ներքին գործերին միջամտելու փորձ։
Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, Ադրբեջանի նախարարությունը նշել է, որ որևէ մեկին թույլ չի տրվի միջամտել երկրի ներքին գործերին, այդ թվում՝ կրթական քաղաքականությանը։
Բաքուն նաև քննադատել է Իրանին՝ ադրբեջաներենով կրթություն ստանալու հնարավորության բացակայության համար։ Հայտարարության մեջ նշվում է, որ Իրանում շուրջ 40 միլիոն էթնիկ ադրբեջանցիներ տասնամյակներ շարունակ զրկված են մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքից։ Ադրբեջանի նախարարությունը կոչ է արել իրանցի պաշտոնյաներին զբաղվել այդ խնդրի լուծմամբ։
