Երևան–Գյումրի ճանապարհին հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից տուժած երեխաներից մեկի առողջական վիճակում դրական դինամիկա է նկատվում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի որակի, տվյալների կառավարման և փոխհատուցման բաժնի ղեկավար Դավիթ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ բժշկական կենտրոնում գտնվող 7 և 10 տարեկան աղջիկները շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում։ Նրանց վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսն էլ անգիտակից են։
Միևնույն ժամանակ, 13-ամյա աղջկա առողջական վիճակը բարելավվել է։ Եթե մի քանի օր առաջ այն գնահատվում էր ծանր, ապա այժմ՝ միջին ծանրության։
Վթարից տուժած ամենափոքր երեխան՝ 11 ամսական աղջնակը, գտնվում է «Ուիգմոր» բժշկական կենտրոնում։ Բուժհաստատությունից նրա առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություն չեն տրամադրել՝ հղում անելով բժշկական գաղտնիքին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին Երևան–Գյումրի ճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով երկու մարդ զոհվել էր։ Հինգ տուժած, որոնցից չորսը երեխաներ էին, տեղափոխվել էր հիվանդանոց։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ երեխաներից մեկը մահացել է։
