Հանձնառու ենք կերտելու աշխարհ, որտեղ կանայք ապահով են, նրանց ձայնը՝ լսելի, ձգտումները չեն սահմանափակվում վախով

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 15-17-ը Իսլանդիայի կառավարության հրավերով Ռեյկյավիկում մասնակցել է Ռեյկյավիկի 9-րդ գլոբալ ֆորումին, որը համախմբել էր կին առաջնորդների ամբողջ աշխարհից։

«Միասին՝ հանուն ուժեղ համայնքի» խորագրով ֆորումի առանցքում կանանց առաջնորդությունը, համատեղ պատասխանատվությունն ու համագործակցությունն էին՝ ի նպաստ առավել հավասար և ներառական հասարակությունների ձևավորման։

Իր ելույթում Արփինե Սարգսյանն անդրադարձել է գենդերային հիմքով բռնության համար պատասխանատվության ապահովման և բռնության կանխարգելման ուղղությամբ կառավարությունների անելիքներին՝ ներկայացնելով Հայաստանի փորձը և ընդգծելով արդյունավետ պաշտպանական մեխանիզմների, ինստիտուցիոնալ հաշվետվողականության, բռնությունը հանդուրժող հասարակական պատկերացումների փոփոխության և գենդերային հավասարության ապահովման կարևորությունը։

«Հարգելի՛ գործընկերներ,
Գենդերային հիմքով բռնության համար պատասխանատվության մեխանիզմներն ամրապնդելու և բռնությանն արձագանքելուց դեպի դրա կանխարգելում անցնելու համար կառավարությունները պետք է գործեն երեք հիմնական ուղղությամբ։

Առաջին՝ պետք է ապահովենք, որ բռնության յուրաքանչյուր դեպք ունենա համապատասխան հետևանքներ՝ արդյունավետ օրենսդրության, հաշվետու և պատասխանատու կառույցների ու գործնականում արդյունավետ պաշտպանության մեխանիզմների միջոցով։

Երկրորդ՝ պետք է ապահովենք բռնության ռիսկերի վաղ հայտնաբերումն ու ժամանակին արձագանքումը՝ տուժած անձանց արդյունավետ պաշտպանության և բռնություն գործադրած անձանց վարքագծի փոփոխությանն ուղղված միջոցառումների միջոցով՝ կանխելով բռնության կրկնությունը։

Եվ երրորդ՝ թերևս ամենակարևորը, պետք է պայքարենք բռնության խորքային պատճառների դեմ՝ գենդերային անհավասարության, կանանց և տղամարդկանց միջև ուժերի անհավասար հարաբերակցության և բռնությունը բնականոն համարող կամ արդարացնող հասարակական պատկերացումների։

Այս երեք առաջնահերթությունները փոխկապակցված են և պետք է իրականացվեն համատեղ։ Մեր վերջնական նպատակը պետք է լինի ոչ միայն բռնությանն առավել արդյունավետ արձագանքելը, այլև այնպիսի հասարակության ձևավորումը, որտեղ բռնության առաջացման հավանականությունը հնարավորինս նվազեցված կլինի։

Չի կարող լինել իրական հավասարություն այնտեղ, որտեղ վախն է պայմանավորում կանանց որոշումներն ու ընտրությունը։

Գենդերային հիմքով բռնությունը պարզապես առանձին հանցավոր արարքների ամբողջություն չէ։ Այն նաև խորապես արմատավորված անհավասարության և հասարակական պատկերացումների դրսևորում է, որոնք սերունդներ շարունակ նպաստել են բռնության հանդուրժմանը։

Եվ թեև բռնությունը կարող է տեղի ունենալ փակ դռների հետևում, դրա կանխարգելումը հանրային պատասխանատվություն է։

Կիսվել սոց․ ցանցերում