ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը այսօր Ազգային Ժողովում հյուրընկալել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի Կիպրոս-Հայաստան համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներին՝ Հարիս Գեորգիադեսի գլխավորությամբ։
Բարձր գնահատելով բարեկամ երկրների օրենսդիր մարմինների միջև առկա գերազանց համագործակցությունը՝ շնորհակալություն է հայտնել իր հրավերն ընդունելու և այս դժվարին ժամանակաշրջանում Հայաստան այցելելու համար։
Երախտագիտություն է հայտնել ս.թ. սեպտեմբերի 28-ին Կիպրոսի խորհրդարանի` «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ սանձազերծած լայնածավալ ագրեսիան և էթնիկ զտումների քաղաքականությունը դատապարտելու մասին» միաձայն ընդունած բանաձևի կապակցությամբ:
Կարևորել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափում համագործակցության առկա ներուժի լիարժեք իրացումը:
Կիպրոս-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նշել է, որ իրենց այցը Հայաստան ոչ միայն պատմական ամուր կապերի, այլև եղբայրական Կիպրոսի և նրա ժողովրդի լիակատար համերաշխության ու զորակցության հավաստիքն է։
Կիպրացի գործընկերները մեկ անգամ ևս հաստատել են իրենց լիակատար աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին։

