Հայաստանի Հանրապետությունը ձեռնարկում է բոլոր քայլերն՝ ապահովելու Հայաստանի անվտանգությունը տարբեր ճանապարհներով։ Պետք չէ չափազանցնել Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը և դրա հետևանքերը։
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով Հայաստանի կառավարության կողմից Հռոմի ստատուտի վավերացմանը։
«Հռոմի ստատուտի վավերացումը բխում է Հայաստանի շահերից։ ՀՀ-ն ձեռնարկում է բոլոր քայլերը՝ ապահովելու Հայաստանի անվտանգությունը տարբեր ճանապարհներով, այդ թվում նաև իրավական անվտանգության տեսանկյունից և Հռոմի ստատուտը դրա բաղադրիչներից մեկն է:
Շարունակաբար կառավարությունն աշխատել է և շարունակում է աշխատել Ռուսաստանի գործընկերների հետ, և Հռոմի ստատուտի վավերացումը որևէ կերպ կապված չէ հայ-ռուսական հարաբերությունների հետ»,- ընդգծեց Խանդանյանը։
