Գրանադայում ԵՄ խորհրդի նիստին կքննարկվի ԼՂ հարցը

Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովը կանցկացվի իսպանական Գրանադա քաղաքում, քանի որ մինչև տարեվերջ Իսպանիան նախագահում է ԵՄ խորհրդում:

Նիստի ժամանակ քննարկվելու է ԼՂ-ին առնչվող հարցը ևս:

«ԵՄ 27 երկիր, 20 գործընկեր և թեկնածու երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Ուկրաինան, Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Բալկանյան երկրները և Կոսովոն, կհավաքվեն՝ քննարկելու, թե ինչպես կարելի է Եվրոպան ավելի ճկուն դարձնել, բարգավաճ և ռազմավարական»,- ասված է ԵՄ խորհրդի հաղորդագրության մեջ:

Վերջին 19 ամիսների ընթացքում առաջին անգամ է, որ եվրագագաթնաժողովի գլխավոր քննարկման թեման Ուկրաինան չի լինելու. բացի ընդլայնման խնդիրներից` այստեղ կկենտրոնանան ԵՄ նոր միգրացիոն ճգնաժամի և ԼՂ հարցի վրա:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետը մեկնել է Գրանադա: Այնտեղ ավել վաղ նախատեսված էր նաև հնգակողմ հանդիպում Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ԵՄ, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների մասնակցությամբ:

Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մեկնել Իսպանիա, որտեղ նախատեսվում էր հնգակողմ հանդիպումը:

Երեկ՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Գրանադային հանդիպմանը, հայտնեց, որ, անկախ Ադրբեջանի որոշումից, ՀՀ պատվիրակությունը կմասնակցի այդ հանդիպմանը:

Կիսվել սոց․ ցանցերում