Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան, France 2-ի եթերում անդրադառնալով ԼՂ-ում իրավիճակին, վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանին:
ԼՂ-ում էթնիկ զտումների մասին հարցին նա պատասխանել է.
«Նման բանի է նման: Մարդիկ ստիպված են իրենց նախնիների հողը լքել, ստիպված են դուրս գալիս այնտեղից` վերջին ռազմական գործողություններից հետո կամ նոր ռազմական գործողության սպառնալիքի տակ: Դա ինքնակամ ելք չէ»,- ասել է նա՝ իրավիճակը որակելով որպես «հանցագործություն» և «ողբերգություն»:
Կոլոննան հիշեցրել է, որ «Ֆրանսիան արդեն վաղուց Հայաստանի բարեկամն է և հանդես է գալիս նրա կողմից», իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներին` այդ հարցն «օրակարգում չէ»:
«Մենք աջակցություն ենք ցուցաբերում հայերին, հատկապես` հումանիտար և բժշկական ոլորտներում: Մենք Հայաստանին աջակցում ենք նաև դիվանագիտորեն, քաղաքական ձևով»,- ասել է նա՝ նշելով, որ Ադրբեջանը պարտավոր է հարգել միջազգային իրավունքը և իր պարտավորությունները։
