Օգոստոսի 12-ին « Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում կազմակերպված «Տարազֆեստ» փառատոնն ուղեկցվեց արհեստագործ վարպետների, հայկական արտադրանքը ներկայացնող ընկերությունների մասնակցությամբ: Հայկական արտադրանքն էին ներկայացնում նաեւ արցախյան երկրորդ պատերազմից հետո տեղահանված հադրութցիներ, որոնց հետ հակիրճ հարցազրույցները ներկայացնում ենք ստորեւ:
« Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն » ՊՈԱԿ- ի փոխտնօրեն Նադեժդա Սարգսյանն ասում է, որ մինչեւ պատերազմը Հադրութում ունեին մեծ կենտրոն, իսկ գյուղերում ունեին խմբակներ, Մեխակավանում էլ ունեին մասնաճյուղ, որը գործում էր զինծառայողների երեխաների համար: Տեղահանվելուց հետո, ըստ նրա, որոշեցին աշխատանքը շարունակել Հայաստանում. բարի մարդկանց աջակցությամբ ձեռք են բերել նյութեր, գտել իրենց երեխաներին, որոնք տարբեր տեղերում էին բնակություն հաստատել:
«Մենք հիմա Երեւանում ենք, կենտրոն ունենք Ստեփանակերտում, ունենք մասնաճյուղեր նաեւ Վանաձորում, Մասիսում, փայտամշակման խմբեր, գորգագործության, կարպետի խմբեր, Մուղնի գյուղում ունենք ասեղնագործության խմբակներ, Արցախում ունենք տիկնիկային թատրոն, գորգագործության խմբակ, պարի խմբեր»,- թվարկում է Նադեժդան: Պատերազմի հետեւանքով առաջացած ծանր տրավման նրանք հաղթահարել են միայն ստեղծագործ աշխատանքի միջոցով:
Նադեժդան հույս ունի, որ կվերադառնա Արցախ, ասում է, որ կենտրոնի աշխատակիցներից երեք ընտանիք Մեծ Թաղերից է, նրանց համար Արցախում շենքեր են կառուցել:
«Իհարկե, անպայման հույս ունենք, որ վերադառնալու ենք Արցախ: Ես անգամ հավատում եմ, որ Հադրութ էլ ենք վերադառնալու »,-ասում է Նադեժդան:
Սեդա Միքայելյանը Հադրութի շրջանի Տող գյուղից է, Արցախի պետական համալսարանն է ավարտել, մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի ուսուցչուհի է, պատերազմից հետո ընտանիքով տեղափոխվել են Երեւան, «Կերամազարդ » արվեստանոց-ուսումնարանում աշխատում է որպես ուսուցչուհի: Սեդայի հայրիկը`Կառլեն Միքայելյանը, արցախյան առաջին պատերազմի հաշմանդամ է, «Մարտական խաչ »-ի շքանշանակիր:
«Մենք երեք տուն ունեինք, երեքն էլ հիմա հակառակորդի վերահսկողության տակ են, ավերված են: Ցավոք սրտի, մեր գերեզմանոցներն էլ են ավերված»,- ասում է Սեդան:
Սեդայի քրոջ ընտանիքն Արցախում է, Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում են ապրում: Նա եւս ցանկանում է վերադառնալ Արցախ, ապրել այնտեղ, բայց ոչ ադրբեջանցիների կամ թուրքերի հետ համատեղ:
Թագուհի Հակոբյան

